Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով գլխավորում է աջակողմյան ուժերի նախընտրական բլոկը, խոստացել է հարբել, եթե կառավարության ղեկավար Մարիո Մոնտին և նրա դաշնակից կենտրոնամետները ձախողվեն առաջիկա ընտրություններում և չկարողանան խորհրդարանում ունենալ իրենց ներկայացուցիչները:
«Եթե Մոնտին, Ֆինն ու Կազինին խորհրդարանից դուրս մնան, ես կհարբեմ: Համոզված եմ, որ արդեն ժամանակն է խմիչքը սառնարան դնել: Հնարավորություն կա, որ մի քանի օր անց ես առաջին անգամ հարբեմ»,- հայտարարել է Բեռլուսկոնին՝ Թուրինում հանդես գալով նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Ի պատասխան Բեռլուսկոնիի ասածի՝ խորհրդարանի ղեկավար Ջանֆրանկո Ֆիննը նշել է, որ Բեռլուսկոնին արդեն իսկ հարբած է այն բոլոր հիմարություններով, որոնք ասել է:
Չնայած նրան, որ Մոնտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի հանդիսանում Բեռլուսկոնիի հիմնական մրցակիցը, այնուամենայնիվ, հենց նա է դարձել Բեռլուսկոնիի նախընտրական քարոզարշավի հիմնական թիրախներից մեկը: Վերջինս նախօրեին վարչապետի պաշտոնում իր իրավահաջորդին անվանել է «պրոֆեսորիկ» և «մարդ, ով տնտեսությունից ոչինչ չի հասկանում»:
Մոնտին, հանդես գալով հեռուստատեսությամբ, Բեռլուսկոնիին և նրա շրջապատին անվանել է «անպիտան»:
Իտալիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան փետրվարի 24-25-ը:








































