Այսօր «Շիրակ»-ն անցկացրել է իր երկրորդ ստուգողական հանդիպումն Անթալիայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Գյումրեցիների երկրորդ մրցակիցը Մոնտենեգրոյի առաջին լիգայում հանդես եկող «Եդինստվո» թիմն էր:
Առաջին իսկ րոպեներից «Շիրակ»-ի ֆուտբոլիստները տիրել են նախաձեռնությանը: Նրանք մի քանի վտանգավոր պահեր են ստեղծել հակառակորդի դարպասի մոտ, սակայն վերջին պահին չէր հաջողվում ճիշտ եզրափակել գրոհը:
27-րդ րոպեին հեռահար հարվածով հանդիպման հաշիվը բացել է Դամե Դիոպը: Երկրորդ խաղակեսում հակառակորդին հաջողվել է երկու վտանգավոր պահ ստեղծել «Շիրակ»-ի դարպասի մոտ, սակայն վստահ է խաղացել Արթուր Հարությունյանը: Հաշիվը 55-րդ րոպեին գլխի հարվածով կրկնապատկել է կենյացի հարձակվող Ջորջ Օդիմբոն:
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Սարգիս Հովսեփյանը:
Լուսանկարը՝ «Շիրակ»-ի պաշտոնական կայքի:







































