Ապրիլի 17-ին Դևիդ Լ. Ֆիլիպսը, որը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավական հարցերով ծրագրի տնօրենն է, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել Նյու Յորքի համալսարանում անցկացված «Հայերը ցեղասպանությունից մեկ դար անց։ Ի՞նչ է հաջորդը» խորագրով համաժողովի ժամանակ։ Դիտարկումները, որոնք վերաբերում են անցյալին, ներկային և ապագային, նա ներկայացրել է նաև The Huffington Post պարբերականում։
«Փաստերը վավերագրվել են գիտության, ականատեսների վկայությունների և Ստամբուլում Առաջին համաշխարհայինից հետո դաշնակիցների օկուպացիայի ներքո իրականացված դատավարությունների ավելի քան 100 տարում։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ն արյունալի ջարդեր է սկսել 19-րդ դարի վերջին, որոնք օսմանյան կայսրության տարածքում բնակվող 250 հազար էթնիկ հայերի մահվան պատճառ են դարձել։ Հայ համայնքի առաջնորդները շրջանակի մեջ են առնվել, սպանվել և արտաքսվել 1915 թվականի ապրլի 24-ին։ Հաջորդ 8 տարիներին հայերը համակարգված կերպով հեռացվել են հայրենիքից։ Ավելի քան 1.5 մլն հայեր են մահացել 1915-23 թթ.»,- գրել է նա։
«Անսպառ քննարկումներ են ծավալվում հայերի բնաջնջումը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու հարցի շուրջ։ Ֆրանցիսկոս պապը վերջերս օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իր հերթին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դատապարտել և նախազգուշացրել է՝ այլևս սխալը չկրկնել»… Էրդողանը 2005 թվականի ապրիլի 10-ին գրել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա առաջարկել էր համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել՝ ոսումնասիրելու արխիվներն ու պատմական արձանագրությունները։ Էրդողանն ակնկալում էր, որ հանձնաժողովը կհերքի Ցեղասպանությունը և կխաթարի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը։ Նախաձեռնությունն անկեղծ ջանք չէր՝ ուղղված Ցեղասպանության պարզաբանմանը։ Երբեք չեմ աջակցել պաշտոնական հովանավորմամբ պատմական հանձնաժողովներին։ Դրանք սովորաբար երկդիմի ջանքեր են, որոնք դուռ են բացում «ընդհանուր տառապանքի» հաստատումների։ Բարոյական համարժեքությունը ժխտողականության ևս մեկ գործիք է։
Ես հայկական և թուրքական հարցերում ներգրավված եմ 1998 թվականից։ Այն ժամանակ հայկական հարցերի զուտ հիշատակումից թուրքերն անհարմարավետության զգացում են ունեցել, այն Ցեղասպանության ճանաչման համար ծածկաբառ է եղել։
Այսօր ամեն ինչ այլ է։ Թուրքերն այլևս հակված չեն կտրականապես ժխտման։ Հայկական հարցերը լայնորեն քննարկվում են թուրքերի կողմից։ Հայտնի լրագրող Հասան Քեմալը, որը ցեղասպանության դարաշրջանի թուրք առաջնորդ Քեմալ Փաշայի թոռն է, գիրք է գրել «Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ։ …Եվրախորհրդարանը ապրիլի 15-ին կոչ արեց Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այսպիսով հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հեշտեցման ուղի հարթել։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը (TARC), որը գլխավորել եմ 2001-2004 թթ., առաջին համակարգված ջանքն էր՝ ուղղված հայերի և թուրքերի միջև երկխոսության խթանմանը։ Այն մեկնարկել էր Անկարայի և Երևանի միջև պաշտոնական շփման բացակայութան ընթացքում։ TARC-ն օգնել է կոտրել սառույցը և գործել որպես շանթարգել՝ այլ նախաձեռությունների հաջորդման համար»։
«TARC-ը դիմել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոն՝ աջակցելու անկախ իրավական վերլուծությանը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառելիությամբ։ …Միջազգային իրավունքը, որպես կանոն, արգելում է պայմանագրերի ռետրոակտիվ կիրառությունը… Հետևաբար իրավական, ֆինանսական և տարածքային պահանջները չէին կարող հաջողությամբ ներկայացվել կոնվենցիայի հովանու ներքո որևէ անհատի կամ պետության դեմ»։
Ըստ վերլուծության՝ իրադարձությունները ներառում են կոնվենցիայով սահմանված ցեղասպանության բոլոր տարրերը, և դրա կիրառումը պատմաբանների, լրագրողների ու քաղաքական գործիչների կողմից կարդարացվի՝ հայտնում է նա։
«Ես չէի կիրառում «ցեղասպանություն» բառը՝ իրադարձությունները նկարագրելու համար, երբ TARC-ը մեկնարկեց, սակայն հիմնվելով վերլուծության վրա՝ ես այն կիրառում եմ այսօր»։ Նա նշում է, որ ԱՄՆ-ը և 5 այլ կառավարություններ աջակցել են հանձնաժողովին։ TARC-ի եզրակացություններն ու խորհուրդները հավանության են արժանացել 53 Նոբելյան դափնեկիրների կողմից։ Երբ TARC-ը կանգ առավ, առաջ եկավ շվեյցարական միջնորդությունը։ Սկսելով առաքելությունը 2007 թվականին՝ շվեյցարացի դիվանագետները նպաստել են հայ և թուրք պաշտոնյաների բանակցություններին։ Բանակցությունները հանգեցրին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ձեռքբերման։ Արձանագրությունները բեկում էին»,- գրում է նա ՝ հավելելով, որ էրդողանը, սակայն, դրանց վավերացումը կապեց Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի հետ։
Թուրքիան դարձել է ավտորիտար երկիր։ Հոդվածագրի խոսքով՝ քաղաքական հակառակորդները լռեցվում են։ Սկսած 2012 թվականից՝ Թուրքիան աջակցում է ջիհադական խմբերին, ներառյալ ԴԱԻՇ-ին, ֆինանսավորմամբ, զենքով, բժշկական և նյութատեխնիկական ծառայություններով։
«ՆԱՏՕ-ն ավելին է, քան անվտանգության դաշինքը։ Այն համընդհանուր արժեքներ ունեցող երկրների կոալիցիա է։ Թուրքիայի հակաարևմտյան և հակաժողովրդավարական գործունեությունն այն անհամապատասխան է դարձնում երկրին որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի։ Եթե ՆԱՏՕ-ն ձևավորվեր այսօր, Թուրքիան որպես անդամ չէր որակվի»,-հայտնում է Դևիդ Ֆիլիպսը։
Նա ներկայացրել է որոշ քայլեր, որոնք հայկական և թուրքական քաղաքացիական հասարակությունները կարող են ձեռնարկել, և ուղիներ, որոնցով միջազգային հանրությունը կարող է աջակցել նրանց ջանքերին։
Դրանք են՝ բացել սահմանն ու հաստատել առնվազն դիվանագիտական հարաբերություններ, աջակցել հայերի և թուրքերի միջև շփմանը, հաղորդակցությանն ու համագործակցությանը՝ ԵՄ աջակցության նախագծերի խթանմամբ, աջակցել Թուրքիայում քաղաքական բազմակարծությանը, կազմակերպել արձանագրությունների շուրջ հայ և թուրք դիվանագետների վերամիավորում՝ շվեյցարական կողմից միջնորդությամբ, վերստին ներգրավել Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարցում։ Նա իր սեփական հեղինակությունն է ներդրել արձանագրությունների ստորագրման մեջ։ Բացի դրանից՝ Օբաման պետք է արտասանի «ցեղասպանություն» բառը՝ դրանով իսկ թուրքական հասարակությունում ապահովելով լայն քննարկում։ Այդ կերպ ԱՄՆ-ը կտեղավորվի պատմության ճիշտ կողմում։ Ցեղասպանության ճանաչումը նաև Օբամայի համար ժառանգության հարց է։
Զեկույցի ավարտին Դևիդ Ֆիլիպսը ողջունում է հայերի և թուրքերի հերոսական և հեռատեսական ջանքերը՝ նշելով, որ շփումներն ու համագործակցությունը կարող են տանել մերձեցման նպատակին, մինչդեռ Ցեղասպանության ճանաչումը հաշտեցման համար նույնպես անհրաժեշտ է։









































