ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու գաղափարն արվեստագետ Արման Գրիգորյանը ոչ միայն ողջունում է, այլ նաև առաջիններից է, որ անդամագրվելու հայտ է ներկայացրել: Նրա խոսքերով՝ դեռ ՀԱԿ փոքր խորհրդում Կոնգրեսի հետագա ճակատագիրը քննարկելիս ինքը միշտ եղել է կողմնակից, որ քաղաքացիական շարժումները, նախաձեռնությունները քաղաքականացվեն, իսկ քաղաքականացնելու ֆորմատը, ըստ նրա, կուսակցություն դառնալն է: «Ես այս չորս տարիների ընթացքում եղել եմ հենց կուսակցականության կողմնակիցը, ինքս երբեք չլինելով կուսակցական՝ ո՛չ Սովետական Միության ժամանակ, ո՛չ անկախ Հայաստանում, հասկանում եմ, որ նորմալ քաղաքական գործողություն ծավալելու համար կուսակցական ֆորմատը լավագույն տարբերակն է»,- նշեց Արման Գրիգորյանը: Իսկ հարցին, թե արդյո՞ք արվեստագետին չի կաշկանդի կուսակցական լինելը, և որքանով է վստահ, որ ՀԱԿ-ը չի լինի մեկ հոգու որոշումներից կախված կուսակցություն, արվեստագետը պատասխանեց.«Նման միտք արտահայտում է դոկտոր Այբալամը, նույն ինքը՝ Հրաչ Գալստյանը, և իր շուրջ հավաքված իբրև ազատատենչ երիտասարդ արվեստագետները, մշակութաբանները, որոնք ծրագրավորված ձևով կրկնում են ձեր ասածը, բայց սա համընդհանուր չէ: Ես միշտ ենթադրել եմ, որ նման կերպով իրենց կողմից ձևակերպվող հարցն արդեն քաղաքական միտում ուներ պահպանելՍովետական Միությունում եղած վիճակը, որտեղ մի կուսակցություն էր, իսկ մնացածը քաղաքացիական նախաձեռնություններ էին, իսկ արվեստագետն էլ իբրև թե ժողովրդի ձայնը բարձրացնողն էր: Ես երբեք համաձայն չեմ եղել այդ տեսակետին, հետաևաբար դոկտոր Այբալամի այդ մոտեցումը չեմ կիսում»:
Երբ Ա. Գրիգորյանին հարցրեցինք. «Դուք տարիներ շարունակ քննադատել եք համակարգերը, Լևոն Զուրաբյանը հարցազրույցում ասում է, որ Սերժ Սարգսյանից հաջողված նախագահ է Ռոբերտ Քոչարյանը, համամի՞տ եք», նա պատասխանեց. «Դա ձեր մեկնաբանությունն է: Ես ուզում եմ քննադատել Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունների տնօրեն Հրայր Թամրազյանին: Եթե ես լինեի Լևոն Զուրաբյանի փոխարեն, ես չէի էլ խոսի, այսինքն՝ պարոն Թամրազյանը մեկ ժամանոց հարց էր տալիս, ընդհատում էր, վիճաբանում էր, նա ոչ թե լրագրող էր, այլ քաղաքական բանավեճի կողմ: Լևոն Զուրաբյանին երբ տեսնեմ, կասեմ, եթե Ձեզ հրավիրում են հարցազրույցի ու հետո խոսելու հնարավորություն չեն տալիս, թող իրենք էլ խոսեն, թող Թամրազյանը ասի իր քաղաքական մտքերը, կանչել էր Լևոն Զուրաբյանին որ ի՞նչ ասի»։
Իսկ թե որն է ավելի հաջողված՝ Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, ասաց որ այդ երկրորդական հարցի պատասխանը մենք որոշենք:
«Ես կողմ եմ, որ քաղաքացիական շարժումները վեր են ածվում դեմոկրատական կուսակցությունների»,- ասաց նա, ապա հավելեց. «Ես դեմ եմ հակակուսակցական քաղաքացիական շարժումներին և կողմ եմ կուսակցական դեմոկրատական շարժումներին, որոնք վեր են ածվում կուսակցության»։








































