Ապրիլի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես գոհունակությամբ արձանագրվեց տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում:
Նախարար Մլադեկը նշել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո էլ Չեխիան, ինչպես և Եվրոպական միության այլ երկրներ, պատրաստակամ է շարունակելու տնտեսական համագործակցությունը ՀՀ հետ ողջ հնարավոր ծավալով: Դեսպանը Սեյրանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ևս հաստատակամ է շարունակելու գործակցությունը տնտեսության բնագավառում:
Անդրադարձ է կատարվել 2014թ. սեպտեմբերին Երևանում անցկացված տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո ուրվագծված մի քանի հեռանկարային ծրագրերին, հատկապես գյուղատնտեսության և էներգետիկայի բնագավառներում:
Քննարկվել են ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերին, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն առնչվող հարցեր:









































