Գերմանիայի նախագահ Յոաhիմ Գաուկը մասնակցելու է Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը և հրաժարվել է մեկնել Թուրքիա՝ ներկա լինելու Դարդանելի գործողության տարելիցի միջոցառումներին: Նման տեղեկություն է տարածել թուրքական հեղինակավոր «Միլիյեթ» պարբերականը՝ վերահաստատելով ավելի վաղ գերմանական աղբյուրների հաղորդած տեղեկությունը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին ներկա է լինելու Բեռլինում կայանալիք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Գաուկը միջոցառման ժամանակ հանդես կգա ելույթով: Թուրքական աղբյուրը նշում է, թե հետաքրքրությամբ է սպասվում՝ արդյոք Գաուկը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, թե՞ ոչ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Գերմանիայի նախագահը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին անցկացվելիք Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներից:
Թուրքական աղբյուրը հավելում է, որ Դարդանել չի ժամանելու նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով արդեն հայտնել է հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:
Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ: Նախկին տարիներին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը մշտապես նշել են մարտի 18-ին:
Հավելենք, որ Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»:









































