ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ տարածաշրջանային կարգավորումների հարցով ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսության:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չի պատրաստվում Դամասկոս մեկնել և ավելին՝ չի ցանկանում Սիրիայի մայրաքաղաքը դարձնել արտասահմանյան շրջագայության սկզբնակետ: Նա նաև մտադրություն չունի բանակցություններ վարել Ասադի հետ»,- հայտարարել է Նուլանդը ճեպազրույցի ժամանակ:
Ըստ Նուլանդի՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ասադի վրա և աջակցել ընդդիմությանը` հասնելու խաղաղ ճանապարհով իշխանության հանձնմանը: Նուլանդը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մոտակա օրերին պատրաստվում է Ռուսաստանի հետ համաձայնեցնել Սիրիայի հարցում իր դիրքորոշումը և պատրաստվում է ամեն բան անել, որպեսզի այդ հարցում ՄԱԿ ԱԽ-ում հասնեն փոխզիջման:








































