Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ երկրի տարածքի՝ նախկինում փակված հարթակներում նավթի արդյունահանումը վերսկսվել է: Այս մասին հայտնում է TRT-ն:
Գործունեությունն ուղղված է էներգետիկայի ոլորտում այլ երկրներից Թուրքիայի կախվածության նվազեցմանը: Ներկայում Թուրքիան էներգիայի իր պահանջարկի 70 տոկոսը բավարարում է ներկրմամբ: Յըլդըզը հայտարարել է, որ վերջին տարիներին Թուրքիան էներգետիկ պահանջների բավարարման նպատակով սկսել է նախապատվությունը տալ տեղի ռեսուրսներին և վերականգնվող աղբյուրներին:
Նրա խոսքով՝ վերականգնվել են նավթարդյունահանման աշխատանքները Դիարբեքիրի, Ադըյաման և Շանլըուրֆա նահանգների շրջակայքում գտնվող՝ նախկինում փակված 6 հարթակներում: Նախարարի խոսքով՝ իրենք հետագայում ևս կշարունակեն հորատանցքերի մի մասի բացումը, կշարունակեն ջանքերը՝ ուղղված նավթի և բնական գազի տեղի աղբյուրների հայտնաբերմանը:









































