Թայլանդի մշակույթի նախարարությունը պատրաստվում է դատի տալ տեղական Nok Air ավիաընկերությանը, որը գովազդային օրացույց է թողարկել բորտուղեկցորդուհիների էրոտիկ լուսանկարներով: Նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ նմանօրինակ արարքները վնաս են հասցնում երկրի պատկերին, տեղեկացնում է Bangkok Post-ը:
Օրացույցի համար լուսանկարահանվելու նպատակով ընկերության ղեկավարությունը վճարել է 12 աղջիկների, որպեսզի նրանք դեղին լողազգեստներով լուսանկարվեն Nok Air ինքնաթիռի ֆոնին: Ընդ որում, ինքաթիռի չափերի և մոդելների քանակի պատճառով դժվար է մանրամասնորեն դիտել լուսանկարները:
Նույնիսկ եթե խոշոր պլանով արված լինեին, այս լուսանկարները չի կարելի էրոտիկ անվանել: Ինչևէ, նախարարության ներկայացուցիչներն այդ լուսանկարներում «հասարակության բարոյականության սպառնալիք» են տեսել:
Իշխանություններն ավիաընկերությանը մեղադրել են անհայրենասիրության և կանանց չհարգելու մեջ: Լրագրողները կատակում են, որ ամբողջ խնդիրը խանդի մեջ է, քանի որ Թայլանդի մշակույթի նախարարը կին է:
Իսկ Nok Air-ի ղեկավարությունը շատ հանգիստ է վերաբերվել քննադատություններին: Ընկերությունում ասել են, որ հնարավոր է, ֆոտոսեսիան իրոք մի քիչ բաց է արված: Փոխադրող ընկերության ներկայացուցիչներն ասել են նաև, որ չեն պատրաստվում վաճառել այդ օրացույցները. Դրանք նախատեսված են հիմնական հաճախորդներին նվիրելու համար:
Հարկ է նշել, որ շատ ուղևորներ աջակցում են ավիաընկերությանը և նույնիսկ խնդրում են իրենց ուղարկել այդ «արգելված արտադրանքը»:
Իսկ ահա համացանցի շատ օգտատերեր իրավացիորեն նշել են, որ Թայլանդի փողոցներում շատ հաճախ կարելի է աղջիկների հանդիպել, ովքեր ավելի բաց են հագնված, քանի Nok Air-ի օրացույցի մոդելները:









































