Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս կամ հաջորդ շաբաթ երկրորդ պատվիրակությունը կուղևորվի Մարմարի ծովի Իմրալի կղզի՝ բանակցելու կղզային բանտում ցմահ ազատազրկված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նա հավելել է, որ իրենք արտահայտել են իրենց սկզբունքները: Բանտ կուղարկվի 2-3 մարդ:
Անդրադառնալով օրեր առաջ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ Էրդողանն ասել է, որ կասկած անգամ չկա՝ պայթյունի թիրախը Թուրքիան է եղել:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նկատմամբ սադրիչ փորձ է արվել, սակայն իրենք կսպասեն մինչև ամեն ինչ հանդարտվի, որից հետո քայլեր կձեռնարկեն: Էրդողանն ավելացրել է, որ ոչինչ անպատասխան չի մնա:









































