«Միկա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբն ավարտեց իր առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացրեց սեփական մարզաբազայում:
Հավաքի վերջին օրը «Միկա»-ն երկկողմանի հանդիպում անցկացրեց, որին մասնակցեցին նաև մի քանի պատանի խաղացողներ: Արձանագրվեց 7-5 հաշիվը: Առաջին թիմից աչքի ընկան Սեմյոն Մուրադյանը (4), Վլադիմիր Ուլուխանյանը (2) և Վարդան Մովսիսյանը, երկրորդից` Հենրիկ Հարությունյանը, Սարգիս Շահինյանը, Արեգ Ազատյանը, Ռաֆայել Ղազարյանը և Գոռ Պողոսյանը:
Առաջին թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Արմեն Խաչատրյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա (Արթուր Տ. Պետրոսյան), Վարդան Մովսիսյան, Խաչատուր Թոփալյան, Գևորգ Պողոսյան, Աղվան Մկրտչյան (Վլադիմիր Ուլուխանյան), Վարդգես Սաթումյան, Արման Հակոբյան, Հայկ Գալստյան, Սեմյոն Մուրադյան: Իսկ երկրորդը` Արմեն Ֆիշյան, Անդրանիկ Ոսկանյան, Գոռ Պողոսյան, Աշոտ Կարապետյան, Արմեն Պետրոսյան (Ռաֆիկ Ղարիբյան), Սարգիս Շահինյան, Ռաֆայել Ղազարյան, Արթուր Ադամյան, Արեգ Ազատյան, Հենրիկ Հարությունյան:
Երկօրյա հանգստից հետո «Միկա»-ն երեկ վերսկսեց իր մարզումները և մինչեւ կիպրոսյան հավաքին մեկնելը ամեն օր մեկական մարզում կանցկացնի:
Հիշեցնենք, որ «Միկա»-ն նախատեսում է փետրվարի 12-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսի Այա Նապա քաղաքում: Նշենք, որ երևանյան թիմը վերջին չորս տարիներին մշտապես իր հավաքներն անցկացնում է հենց Այա Նապայում:
Կիպրոսում Ժոլտ Հոռնյակի գլխավորած թիմը ստուգողական չորս հանդիպում կանցկացնի: Ժամկետներն ու մրցակիցներն արդեն հայտնի են: Փետրվարի 14-ին «Միկա»-ի մրցակիցը կլինի Լեհաստանի երկրորդ խմբում հանդես եկող «Բիտովիա»-ն: Բիտով քաղաքի թիմը երկրորդ խմբի արևմտյան գոտում առաջին խաղաշրջանից հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Փետրվարի 18-ին «Միկա»-ի մրցակիցը կլինի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովի թիմը` «Ուֆա»-ն, որը Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում ընթանում է 8-րդ տեղում:
Ի դեպ, անցյալ տարի կիպրոսյան հավաքի ժամանակ «Միկա»-ն մրցել էր «Ուֆա»-ի հետ: «Միկա»-ի երրորդ մրցակիցը դարձյալ Ռուսաստանի ներկայացուցիչ է` Օրենբուրգի «Գազովիկ»-ը, որը երկրորդ խմբի առաջնության ուրալյան գոտու առաջատարն է: Այդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 21-ին: Իր վերջին ստուգողական հանդիպումը «Միկա»-ն փետրվարի 24-ին կանցկացնի սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Բելգրադյան թիմը Սերբիայի առաջին խմբի առաջնության առաջատարներից է և լրջորեն հավակնում է բարձրագույն խմբի ուղեգրին:
Նշենք, որ «Չուկարիչկի»-ն բավականին զորեղ թիմ է և հայտնի է իր սաներով: «Չուկարիչկի»-ի մարզադպրոցի սան է Սերբիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, որը 2007-ին տեղափոխվեց «Լացիո», իսկ 2010-ին 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Նրա տրանսֆերային արժեքը 18 միլիոն եվրո էր: Կոլարովը 2011 թ. ճանաչվել է Սերբիայի լավագույն ֆուտբոլիստ: Այստեղ են խաղացել նաև Կիևի «Դինամո»-ի և Սերբիայի հավաքականի նախկին պաշտպան Գորան Գավրանչիչը, կիսապաշտպան Միլոշ Նինկովիչը, որը 8,5 տարի հանդես եկավ Կիևում, իսկ հիմա խաղում է ֆրանսիական «Էվիան»-ում:
Լուսանկարները՝ «Միկա»-ի պաշտոնական կայքի:




































