Իրանը Բուլղարիայից հետ է կանչում դեսպանին՝ ի նշան բողոքի առ այն, որ Բուլղարիայի իշխանությունները Բուրգասում տեղի ունեցած ահաբեկչության մեղքը բարդել են «Հըզբոլլահի» վրա: Բացի դրանից՝ կիջեցվի նաև Բուլղարիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների աստիճանը: Այս մասին հայտնում են բուլղարական ԶԼՄ-ները՝ փոխանցում է Rosbalt-ը:
Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ Բուրգասի վերաբերյալ հաշվետվությունը կքննարկվի փետրվարի 18-ին՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Նախարարը հասկացրել է, որ Բուլղարիան մտադիր է կոշտ դիրքորոշում որդեգրել «Հըզբոլլահի» հանդեպ:
2012-ի հուլիսի 18-ին Բուրգասում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունի կազմակերպման գործում Թեհրանը դերակատարում չի ունեցել: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Բուլղարիայում Իրանի դեսպանը: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով զոհվել էին 5 իսրայելցի զբոսաշրջիկներ, բուլղարացի վարորդն ու մահապարտը:
Նշենք, որ լիբանանյան «Հըզբոլլահը» նույնպես հերքել է իր մեղքն այդ գործում:









































