Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստ է եղել 2008թ.-ին հաշիվներ մաքրել հայտնի լրագրող Ֆրանսուա Օլիվյե Գիսբերի հետ:
Այս մասին երեկ գրել է The Daily Telegraph-ը:
Սկանդալի մասին հայտնի է դարձել լրագրողի կողմից իր հուշերը հրապարակելուց հետո:
Լրագրողը գրել է, որ իր հրապարակումներից մեկում ինքը կարծիք էր հայտնել, որ նախագահի կինը` Կարլա Բրունին, սրտակեր է: Հոդվածում նա 24 խորհուրդ էր տվել Սարկոզիին Բրունիի հետ ամուսնանալու նախօրեին: Խորհուրդներից մեկը հնչում էր հետևյալ կերպ. «Մի՛ ծանոթացրեք Ձեր նոր կնոջը Ձեր որդիների, Բարաք Օբամայի և առհասարակ որևէ բարետես տղամարդու հետ»:
Հոդվածը լույս տեսնելուց հետո Սարկոզին զանգել է Գիսբերին: «Այդ հոդվածը կեղտ է, և ես պետք է ձեր մռութը ջարդեմ», ասել է Սարկոզին: Լրագրողի այն հարցին, թե նախագահը սպառնո՞ւմ է իրեն, Սարկոզին պատասխանել է, որ Գիսբերն արժանի է դրան, որից հետո լրագրողը նշել է, որ ինքը չի ցանկացել վիրավորել ո՛չ Սարկոզիին և ո՛չ էլ նրա կնոջը` Կարլա Բրունիին:
Գիսբերի պատասխանը եղել է շատ ավելի վիրավորական, քան հրապարակումը. «Ես համոզված եմ, որ դուք զարմանքից կպայթեիք, եթե ես գրած լինեի, որ ձեր կինը պոռնիկ է, որի հետ քնել են բոլորը, որը ցանկանում է սեքսով զբաղվել նաև ձեր երեխաների հետ: Սակայն մեր ամսագիրը չի գրել, որ Կարլան պոռնիկ է»,- նշել է Գիսբերը:
Սարկոզին պահանջել է, որպեսզի ամսագիրը գրավոր ներողություն խնդրի, սակայն խմբագիրը հրաժարվել է: Դրանից հետո Սարկոզին երկար ժամանակ ճնշումներ է գործադրել Le Ponte ամսագրի սեփականատեր, միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի վրա, որպեսզի վերջինս աշխատանքից հեռացնի Գիսբերին, սակայն նախագահի ջանքերն ապարդյուն են անցել:









































