Եգիպտոսի զինվորական ոստիկանությունը երեկ Թահրիր հրապարակից ցրել է բազմահազարանոց հանրահավաքը, որի մի քանի հարյուր մասնակիցներ պատրաստվում էին գիշերել հրապարակում: Ոստիկաններն օգտագործել են էլեկտրոշոկեր և ռետինե մահակներ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքն անցնում էր «Դա՛տ և մաքրու՛մ» կարգախոսով: Կարգախոսն առաջ քաշած քաղաքացիները պահանջում էին Մուբարաքին, նրա ընտանիքի անդամներին և նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին պատասխանատվության կանչել:
Բացի բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության կանչելուց, ընդդիմադիրները պահանջում են աշխատանքից ազատել բոլոր նահանգապետերին, տեղական խորհուրդները, արհեստակցական միություններն ու քաղաքական կուսակցությունները մաքրել ռեժիմի ներկայացուցիչներից, ստեղծել նախագահական խորհուրդ, որը երկիրը կղեկավարի մինչև նախագահական ընտրությունների անցկացումը:








































