Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով՝ «լավ կլինի, եթե Վրաստանի հինգերորդ նախագահը կին լինի»: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ «կանայք մեր հասարակության շատ ակտիվ մասն են: Կանանց շատ դրամատիկ գործընթացներ են բաժին հասել: Կանայք շատ ակտիվ են գիտության, արվեստի մեջ: Եվ այն, որ դա դեռ չի արտացոլվել քաղաքականության մեջ, պետք է շտկել»:
Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Radisson հյուրանոցում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության հարցերով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ:
«Մենք այսօր շարունակում ենք այն գործընթացը, որին արդեն երկար ժամանակ ակտիվորեն մասնակցում ենք: Գործընթացի բովանդակությունը հետևյալն է. Վրաստանի պետական համակարգում, վրացական իրականության մեջ ավելի շատ կանայք պետք է ներկայացված լինեն բարձր պաշտոններում… Նախևառաջ նշեմ, որ կանայք պետք է մասնակցեն իշխանությունների ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական մարմինների գործառնությանը, ավելի շատ կին պետք է լինի ինչպես ներկայացուցչական, այնպես էլ գործադիր համակարգերում. այդ ճշմարտությունը մենք չենք մտածել:
Կան ճշմարտություններ, կա գիտելիք, որով հարուստ է մարդկությունը, և ուսումնասիրությունների հիման վրա մենք հստակ տեսնում ենք պատկերը. այն երկրներում, որտեղ կանանց մասնակցությունը բարձր է, խնդիրների լուծման քաղաքականությունն ավելի կայուն է, կենտրոնացած, որակավորված, և դա փաստացի իրականություն է, ինչի հիման վրա կարող ենք հստակ որոշումներ ընդունել…
Զարգացած երկրներում կառավարման համակարգերում կանանց ներկայացուցչությունը մոտ 40% է: Ենթադրաբար, մեզ համար այդ թիվը պետք է նշանակալի լինի, և պետք է դինամիկ կերպով ձգտենք այդ տոկոսային ցուցանիշին… Մեր քաղաքական սպեկտորին, հասարակությանը կոչ եմ անում ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: Ես նաև հավատում եմ, որ լավ կլինի, եթե Վրաստանի հինգերորդ նախագահը կին լինի»,- ասել է Մարգվելաշվիլին:









































