Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը քննադատել է Եվրոպական խորհրդարանի կոչը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի պատասխանատուն իր տարածած հայտարարությունում նշել է, թե «կոչը միակողմանի մոտեցման դրսևորում է» և այն որակել է «տրամաբանությունից և օրինականությունից զուրկ պահանջներով զեկույց»:
«Եվրախորհրդի զեկույցն ողջ Օսմանյան կայսրության համար ողբերգական այդ ժամանակաշրջանի համար ընտրովի վերաբերմունք և միակողմանի մոտեցում է ցուցաբերում»,-հայտարարել է թուրք դիվանագետն ու հավելել, թե «նման քայլերը կարող են վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:
«Նման հայտարարությունները խանգարում են ոչ միայն Թուրքիա-ԵԽ հարաբերություններին, այնպես էլ բարդացնում են Հայաստանի և Թուրքիայի միջև ապագայի կառուցումը»,-նշել է Բիլգիչը` հավելելով, թե այս կերպ մարդիկ, ովքեր պատմությանը տեղյակ չեն, ցանկանում են քաղաքական նպատակով օգտագործել այս հարցը:
Թուրք պաշտոնյան իր հայտարարությունում նաև կոչ է արել «առկա խնդիրները խորացնելու փոխարեն լուծումներ առաջարկել»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրոպայի խորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որտեղ տեղ է հատկացվել նաև Հայոց ցեղասպանությանը:
Զեկույցում նշված է, որ «ԵԽ-ն Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը եւ խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:










































