Երգիծաբան Էնդի Սեմբերգը, ով հայտնի է «Բրուքլին 9-9» սերիալում գլխավոր դերով, «Էմմիի» 67-րդ մրցանակաբաշխության արարողության հանդիսավարը կդառնա, հաղորդում է Variety-ն:
«Էնդի Սեմբերգն ինքն արժանացել է «Էմմի» մրցանակին, այդ պատճառով էլ մենք հատկապես ուրախ ենք նրան, որպես հանդիսավար, հրավիրել: Նա հաջողություններ է ունեցել հեռուստատեսային բոլոր ոլորտներում՝ ինչպես կադրից դուրս՝ որպես սցենարիստ, այնպես էլ` կադրում»,- պատմել է ԱՄՆ-ի Հեռուստաակադեմիայի նախագահ Բրյուս Ռոզենբլումը:
Սեմբերգի ընտրությունը կապում են արարողությունը հեռարձակող Fox ալիքի նախաձեռնության հետ: Հենց Fox-ն է ԱՄՆ-ում հեռարձակում «Բրուքլին 9-9»-ը:
«Էմմի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 20-ին: Հուլիսի 16-ին կհայտարարվեն մրցանակին առաջադրվածների անունները:










































