Ֆրանցիսկյան տղամարդկանց նախկին վանքի տարածքում Բրիտանիայի ամենահակասական կառավարիչ Ռիչարդ III-ի աճյունի մոտ հնագետները հայտնաբերել են եվրոպական պատմության համար ևս մեկ արժեքավոր գերեզման: Կրաքարե սարկոֆագի ներսում Լեսթերի համալսարանի մասնագետները գտել են տարօրինակ կապարե դագաղ, որում եղել է ազնվական տարեց կնոջ աճյուն՝ հայտնում է vesti.ru-ն:
Միջնադարյան կնոջ մասնիկների ռադիոածխաթթվային հետազոտությունը ցույց է տվել, որ նա թաղվել է ֆրանցիսկյան վանքի շինարարության ավարտից կարճ ժամանակ առաջ՝ մոտ 1250թ.: Սակայն անվանի կինը կարող է մահացած լինել նաև 1400թ.:
Պատմաբաններն ու հնագետները ենթադրում են, որ կապարե դագաղում կմախքը կարող է պատկանել ֆրանցիսկյան տղամարդկանց վանքի բարերարի: Նշանավոր կինը եկեղեցուն ցուցաբերած ավանդի համար կարող էր արժանանալ թաղման հատուկ տեղի՝ հենց վանքում:
Բացի բարերար կնոջ աճյունից՝ վանքի տարածքում հայտնաբերվել է նաև 10 այլ գերեզման, որոնցից 6-ը նախկինի պես չեն բացվել՝ հայտնում են Լեսթերի համալսարանի փորձագետները:
«Չնայած պեղումները կատարվել են միջնադարյան տղամարդկանց վանքի տարածքում՝ Ռիչարդ III-ն այդ վայրում թաղված միակ տղամարդն էր: Բնականաբար, մենք հայտնաբերել ենք միայն այսբերգի գագաթը. պեղված 10 գերեզմաններից հետազոտվել է միայն 4-ը: Ավելին՝ մենք կասկածում ենք, որ ֆրանցիսկյան վանքի հիմքի տակ և դրա գերեզմանոցի տարածքում կարող են լինել ևս հարյուրավոր գերեզմաններ»,- հայտնել է հետազոտության հեղինակ Մեթյու Մորիսը:
Հետազոտողները նշում են, որ գերեզմանոցների և վանքերի տարածքներում այլ պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի շատ տղամարդկանց կմախքներ, քան կանանց: Անգլիայում կանանց և տղամարդկանց աճյունների հարաբերակցությունը տատանվում է 1:3-ից մինչև 1:20-ի: Միաժամանակ, քաղաքներում կանանց գերեզմաններն ավելի շատ են, քան գյուղերում:
Տարեց կնոջ կապարե դագաղը զարդարված է եղել խաչով: Պատմաբանների խոսքով՝ սա նշանակում է, որ այդ կնոջ անձը հսկայական նշանակություն է ունեցել վանքի ղեկավարների և սպասավորների համար, որտեղ նա թաղվել է:
Մյուս երկու (փայտե) ուսումնասիրված դագաղներում ևս կանայք են եղել: Նրանք երկուսն էլ մահացել են մոտ 40-50 տարեկանում, և ինչպես ցույց է տվել ոսկրաբանական հետազոտությունը, նրանք մահացել են 1270 և 1400թթ. միջակայքում:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կանանցից մեկը տառապել է ազդրի բնածին հոդախախտով, ինչի պատճառով ամբողջ կյանքում ձեռնափայտով է քայլել, իսկ մյուսն ամբողջ կյանքում զբաղվել է ծանր ֆիզիկական աշխատանքով և պարբերաբար ձեռքերով ու ոտքերով ծանր առարկաներ բարձրացրել:
Ֆրանցիսկյան վանքի տարածքում թաղված բոլոր կանայք ակնհայտորեն ազնվական ծագում են ունեցել և ապրել են հարուստ պայմաններում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց սնունդը բաղկացած է եղել մեծապես սպիտակուցային սննդամթերքներից՝ ձկնեղենից ու մսեղենից, ինչն այն ժամանակ համարվել է հարուստների ուտելիք:
Մորիսն ու նրա գործընկերները ենթադրում են, որ կապարե դագաղի աճյունները կարող են լինել լեդի Էմմայինը՝ Ջոն Հոլթի կնոջը, որն այն ժամանակ ազնվական է եղել: Այդ զույգի մասին հիշատակվում է Լեսթերի վանքի եպիսկոպոս Լինքոլնի գրվածքներում: Այդ վարկածը հաստատել կհաջողվի միայն լեդի Էմմայի հետնորդների ԴՆԹ-ի և խորհրդավոր սարկոֆագի կմախքի կենսաբանական նմուշների համեմատական հետազոտությունից հետո:











































