Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի միջնեկ որդին՝ Էնդրյուն, այսօր կտոնի իր ծննդյան 55-ամյակը:
Հոբելյանի կապակցությամբ նրան կշնորհվի թագավորական ռազմածովային ուժերի փոխծովակալի կոչում՝ ասվում է բրիտանական կառավարության London Gazette պաշտոնական թերթում:
«Նշանակումը հավանության է արժանացել թագուհու կողմից՝ համաձայն զինված ուժերում ծառայողական առաջխաղացման վաղեմի ավանդույթի»,- հայտարարել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Յորքի դքսի ծառայողական առաջխաղացմանը բացասաբար է արձագանքել բրիտանական Republic հակամիապետական շարժումը՝ հայտարարելով, որ այդ փաստը «վիրավորանք է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի համար»:
Արքայազն Էնդրյուն վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում: Անցած տարվա վերջին Ֆլորիդայի դատարան հայց էր ներկայացվել, որում նրա անունը այն մարդկանց թվում էր, որոնք 1990-ականների վերջերին 2000-ականների սկզբին սեքսուալ հարաբերությունների մեջ են եղել անչափահաս աղջկա հետ: 17-ամյա աղջկա խոսքով՝ իրեն ամերիկացի բանկիր Ջեֆրի Էփշթեյնը ներկայացրել է իր ընկերներին, այդ թվում՝ արքայազնին, սեռական ծառայություններ մատուցելու համար: Բուքինգհեմյան պալատը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները:









































