«168 ժամ» թերթը զրուցել է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենի հետ:
Կրակովում համանախագահները տարածեցին հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին հետևել իր ստանձնած պարտավորություններին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ՄԽ-ն այլևս հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես շուրջ 2 տասնամյակ:
Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների պատասխանատուներին չմատնանշելու իր քաղաքականությունը: Ես Կրակովի հայտարարության ոճը չեմ ընդունում՝ որպես քաղաքականության իրական փոփոխություն: Նման կերպ մտածելն ավելի ճիշտ՝ մաղթանք կլինի և ոչ՝ իրողություն:
Որոշ փորձագետներ չեն բացառում, որ լարելով իրավիճակը Ղարաբաղում, Ռուսաստանը պատժում է Արևմուտքին Ուկրաինայի համար: Արևմուտքն ունի՞ լծակներ այստեղ ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, կամ ինչպե՞ս կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես:
Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրենք են ինքնակամ տրվում Ռուսաստանի ազդեցությանը` հետևելով սեփական երկրների ազգային շահերին: Մի շարք պատճառներով Արևմուտքը սահմանափակ է Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու հարցում:
Երբ Հայաստանն այս տարի դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, նախորդ տարի բանակցեց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի շուրջ, ՌԴ տնտեսական և քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ մեծացավ: Նույնկերպ՝ 2010թ., երբ Հայաստանը Մոսկվայի հետ ստորագրեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին պայմանագիրը, ՌԴ ազդեցությունը ՀՀ անվտանգության ոլորտի նկատմամբ մեծացավ:
ՀՀ իշխանությունները ՌԴ ազդեցությունը դիտարկում են մի բան, որն ամենաքիչը ներկայումս և տեսանելի ապագայում պետք է հանդուրժել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի ապահովման համար:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը, բայց այստեղ ևս Արևմուտքը սահմանափակ է ՌԴ ազդեցությունը նվազեցնելու հարցում: Արևմտյան հետաքրքրություններն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներով ցավալիորեն բթացնում են Արևմուտքի արձագանքն ու ազդեցությունը Բաքվի նկատմամբ, ինչը կարող ենք տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ արևմտյան արձագանքների չեզոք գնահատականներից: Ռուսաստանը, մյուս կողմից՝ համաձայն է Ադրբեջանի ռեժիմի հետ: Ինչպես Հայաստանի դեպքում, Ադրբեջանի դեպքում ևս Մոսկվան մնում է սպառազինության գլխավոր մատակարարը:
Գերտերությունների ազդեցությունը նվազեցնելու միակ արդյունավետ բաղադրատոմսը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում այնպիսի ամրություն ձեռք բերելն է, որը բավարար է հույսը սեփական ուժերի վրա դնելու համար:
Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա ուկրաինական հակամարտությունն ու ԼՂ հակամարտությունն առանձին հարցեր են: ՌԴ-ն լարվածություն չի հրահրում Ղարաբաղում՝ Արևմուտքին ուկրաինական հակամարտության համար պատժելու նպատակով: Այնուամենայնիվ, Ռուսաստանը երկարաձգում է ԼՂ հակամարտությունը՝ սպառազինություն մատակարարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին` միևնույն ժամանակ ՄԽ կազմում միջնորդելով խաղաղություն հաստատելու գործում: Մոսկվան, փաստորեն, կոչ է անում կողմերին՝ խաղաղություն հաստատել, երբ նրանց պատերազմի համար անհրաժեշտ զենք է մատակարարում: Այս երկակի քաղաքականությունը հակասում է հայ-ռուսական ռազմական պայմանագրին և ռազմավարական գործընկերությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































