Միսուրիի համալսարանի գիտնականները պնդում են, որ այն, թե ինչի համար են մարդիկ օգտվում Facebook-ից, մեծ նշանակություն ունի: Եթե մարդը սոցցանցից օգտվում է, որպեսզի կապ պահի ընկերների և ընտանիքի հետ, ապա դրա մեջ վատ բան չկա: Սակայն ոմանք Facebook-ի միջոցով հետևում են ուրիշներին: Հենց դա էլ ընկճախտի պատճառ կարող է դառնալ, պատմում է Psych Central-ը:
Մասնագետները պարզել են, որ Facebook-ում թանկարժեք արձակուրդի, մեքենայի, տան կամ երջանիկ հարաբերությունների վերաբերյալ հաղորդագրությունները կարող են նախանձ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն հետևել ուրիշներին: Մարդիկ, ովքեր նախանձում են և իրենց կյանքը ուրիշների հետ են համեմատում, ավելի հաճախ են ընկճախտով տառապում: Նրանք, ովքեր կայքը շփման համար են օգտագործում, բացասական հետևանքներից չեն տառապում:
Գիտնականները կարծում են, որ Facebook-ի օգտատերերը պետք է իմանան հնարավոր ռիսկերի մասին: Մասնագետներն ասում են, որ շատերը սոցցանցում հրապարակում են իրենց կյանքի միայն դրական կողմերը: Հարկ է հիշել այդ մասին և չնախանձել ուրիշներին:









































