Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց անչափահաս Արգիշտի Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
1998 թվականի հունվարին ծնված Արգիշտին բնակվել է «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղում:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Դիլիջանի «Մուշ» հանգստյան տան աստիճանահարթակին խուլ ու համր Արթուր Մ.-ն մոտեցել է Արգիշտիին ու հագուստից բռնել, ժեստերով բացատրվելու փորձ է արել:
Չիմանալով, որ իր առջև խուլ ու համր է, կարծելով, թե Արթուրը կռվում է իր հետ, Արգիշտին, ըստ դատական ակտի, գոտկատեղից հանել է ծալովի դանակը, հարվածել է Արթուրի կրծքավանդակի աջ կեսին ու աջ բազկին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Արգիշտի Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում 16-ամյա Արգիշտին իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ժամանակ նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ դեպքի օրը՝ երեկոյան, «Մուշ» հանգստյան տուն են եկել «ՍՕՍ մանկական գյուղի» սաներ Աննայի ու Ալիսայի մայրը և վերջինիս խուլ ու համր եղբայրը:
Այդ պահին ինքն ու ընկերը՝ Սարգիսը, բարձրանում էին աստիճաններով:
Աղջիկների մայրը դիմել է իրենց ու հարցրել է. «Ձեզանից ո՞վ է Արգիշտը»:
Համր տղան մոտեցել ու բռնել է իր շորից:
Կարծելով, թե նա ցանկանում է վիճել իր հետ, ինքը գոտկատեղից հանել է ծալովի դանակը, բացել է ու երկու անգամ հարվածել է այդ երիտասարդին:
Ոստիկանների գալուց հետո դանակը հանձնել է նրանց:
Անչափահաս ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղի՝ ընտանեկան տիպի խնամքի ղեկավարն է:
Նա հայտնել է, թե իրենց հաստատությունում Արգիշտիի հետ աշխատել են հոգեբան, սոցիալական աշխատող՝ կապված նրա վարքագծի հետ:
Համր տուժողի ներկայացուցիչը հայտնել է, որ ծանր սոցիալական պայմաններից ելնելով՝ երկու անչափահաս աղջիկներին հանձնել է «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղ:
Դեպքի օրն իր աղջիկն ասել է, թե մանկատան սան Արգիշտին իրենց նեղացնում է:
Ինքն ու իր համր եղբայրը որոշել են գնալ Դիլիջանի «Մուշ» ճամբարում գտնվող երեխաներին այցելության:
Այնտեղ տեսել են Արգիշտիին: Ինքը ձայն է տվել նրան: Իր եղբայր Արթուրն էլ մոտեցել է Արգիշտիին, փորձել է հասկացնել, թե ինչո՞ւ է նեղացնում աղջիկներին…
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արգիշտին ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է միայն «Վարքի սոցիալականացված խանգարում»:
Ընդհանուր իրավասության դատարանը Արգիշտիին մեղավոր է ճանաչել տուժող խուլ ու համր տղայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Արգիշտին դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հուլիսի 10-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ադամյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում անչափահաս ամբաստանյալի շահերի պաշտպանությունը ստանձնեց հանրային պաշտպանի երևանյան գրասենյակի փաստաբան Հակոբյանը:
Վերջինս հիմնավորեց փաստաբան Ադամյանի բողոքը՝ անչափահաս Արգիշտիի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու, նրան իրական ազատազրկման չդատապարտելու պահանջով:
Սովորաբար փաստաբանները վերաքննիչ բողոքում մի քանի պահանջ են ներառում՝ ապահովության համար, որովհետև վերաքննիչ դատարանը գործը քննում է միայն ներկայացված բողոքի շրջանակներում:
Տվյալ դեպքում, եթե բողոքի մեջ՝ բացի պայմանական դատապարտություն կիրառելու պահանջից, ներառված լիներ նաև քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու պահանջը, հնարավոր է, որ վերաքննիչ դատարանը այլ որոշում կայացներ…
Որպես անչափահաս ամբաստանյալի օրինական ներկայացուցիչ՝ վերաքննիչ դատարան էր եկել «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղի՝ ընտանեկան տիպի խնամքի ղեկավար Հովակիմյանը:
Հանցավոր արարքի կատարումից հետո 17 տարեկան դարձած բարձրահասակ, նիհար պատանին՝ աշխարհից հոգնած ու խռոված մարդու արտահայտությունը դիմակի պես դեմքին հագցրած՝ ամբաստանյալի աթոռին նստած էր բացարձակ մենակ:
Հանրային պաշտպանը նստած էր տղայից ոչ հեռու, բայց նրանք միմյանց հետ չխոսեցին, պաշտպանը կատարեց իր պարտականությունը՝ հիմնավորեց գործընկերոջ գրած բողոքը, ջանաց, իհարկե, որ դատարանին համոզի՝ պայմանական դատապարտություն կիրառել ծանր հանցագործություն կատարած պատանու նկատմամբ:
Անչափահաս ամբաստանյալի օրինական ներկայացուցիչ Հովակիմյանը նստած էր տղայից հեռու, բացարձակապես անհաղորդ, նա չշփվեց տղայի հետ, այնպիսի տպավորություն էր, թե տարբեր մոլորակներից են տղան ու նրա օրինական ներկայացուցիչը: Վերջինս միայն ի պաշտոնե էր կատարում իր գործը:
Տղայի դիմաց նստած մեղադրողը, ով նույնպես ի պաշտոնե վերաքննիչ բողոքի դեմ առարկեց, բերեց հիմնավորումներ, որոնք, իրոք, ծանրակշիռ էին:
Իսկ ամբաստանյալի աթոռին անցումային տարիքի տղա էր՝ աշխարհից չարացածի պահվածքով, սակայն… որբի, լքվածի, շարունակաբար մերժվածի միայնությամբ, ու դա՝ այդ բացարձակ մենակությունը, կողքին ոչ ոք չունենալու, անկեղծորեն ցավող ու անկախ ամեն բանից՝ սիրող սիրտ չունենալու հանգամանքը, ամփոփվել էին ցուցադրաբար չար տղայի կերպարանքի մեջ:
Պաշտպանը, հիմնավորելով իր գործընկերոջ բողոքը, նշեց, որ Արգիշտին յոթ տարեկան է եղել, երբ մայրը հրաժարվել է նրան պահելուց, հանձնել է մանկատուն: Այդ հանգամանքը խոր հոգեբանական ազդեցություն է ունեցել տղայի վրա:
Սակայն Արգիշտին նախկինում հանցավոր արարք չի կատարել, ընդունակ տղա է, նա ավարտել է իններորդ դասարանը, հանձնել է քննությունները և «8» է ստացել կարևոր շատ առարկաներից: Նա ֆուտբոլ է սիրում, զբաղվում է նկարչությամբ, ցանկություն է հայտնել նկարչական գծով ուսում առնել:
Պաշտպանն ընդգծեց, որ Արգիշտին կարող է ուղղվել առանց ազատազրկվելու: Հանցավոր արարքի կատարումը, ըստ պաշտպանի, տղայի պաշտպանական ռեակցիան է եղել ընդդեմ հասարակության: Արգիշտին արդեն 7 ամիս ազատազրկված է, նա, երևի, իր համար հետևություններ է արել…
Սակայն երբ խոսքը տրվեց ամբաստանյալին, նա կանգնեց, հոնքերի տակից նայեց դատարանին ու ասաց. «Ասելու բան չկա»:
«Քեզ համար միևնո՞ւյնն է»,- հարցրեց դատավորը:
«Չէ, միևնույնը չէ, բայց…»,- Արգիշտին այդպես էլ չշարունակեց, մեղմություն չխնդրեց, ոչինչ չասաց: Հնարավոր է՝ չգիտեր էլ, թե ինչ ասի:
Երբ մեղադրողն իր առարկություն էր ներկայացնում պաշտպանի բողոքի դեմ և նորից հիշատակեց մոր կողմից Արգիշտիից հրաժարվելու, նրան մանկատուն հանձնելու հանգամանքը, տղայի դեմքն այլայլվեց: Ակնհայտ էր, որ մոր հրաժարումը, որդուն չպահելը այնպես էին կոտրել տղայի սիրտը, որ մանկատնից մանկատուն, չարությունից չարություն, ընդվզումից ընդվզում՝ նա ավելի ու ավելի էր չարացել, անցել էր կարևոր մի սահման, ինքն իրեն ներծծել էր հասարակությանն ընդդիմանալու, իր մենակությանը չարությամբ արձագանքելու դառնությամբ:
Երբ մեղադրողը նշեց, որ «ՍՕՍ մանկական գյուղում» Արգիշտիի հետ աշխատել է հոգեբանը, սոցիալական աշխատողը, բայց դրական արդյունքի չեն հասել, քմծիծաղի պես մի բան սահեց տղայի դեմքով:
Նախագահողը ներկայացրեց «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղի ընտանեկան տիպի խնամքի ղեկավարի ստորագրած խիստ բացասական բնութագիրը՝ տրված Արգիշտիին: Այդ բացասական բնութագիրը ստորագրած ղեկավարն էլ հենց տղայի… օրինական ներկայացուցիչն էր դատարանում:
Բնութագրում ասվում էր, թե Արգիշտին շարունակ խնդրահարույց իրավիճակներ է առաջացրել, բացասական ազդեցություն ունեցել երեխաների վրա, թույլերին ճնշել է, ագրեսիվ վիճակում վիճաբանություններ է սարքել, ջարդել ու փշրել է ձեռքի տակ ընկած ամեն բան, այդ թվում՝ հանրային գույքը, հարվածել է «ՍՕՍ» մանկական գյուղի իր նշանակովի մորը, գյուղից դուրս կռվել է տղաների հետ, վնասվածքներ է պատճառել…
Բնութագրի վերաբերյալ Արգիշտին մեկ բառ ասաց. «Չափազանցված է»:
Ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը, նրա բացասական բնութագիրը ստորագրած կինը վերաքննիչ դատարանում բացասական ոչինչ չասաց: Նա նշեց, որ բնութագրում ներկայացրել է այն, ինչ կա, բայց ցանկանում է, որ դատարանը հաշվի առնի Արգիշտիի անցած դժվարին կյանքի ուղին, այն, որ երկար ժամանակ ապրել է մանկատներում, դա ազդել է նրա սոցիալ-հոգեբանական վիճակի վրա:
Օրինական ներկայացուցիչն ասաց. «Եթե Արգիշտին զղջացել է, վերաիմաստավորել է իր վարած կյանքը այս ամիսների ընթացքում», նրան կարելի է և ազատել իրական պատժի կրումից:
Եթե անչափահասի օրինական ներկայացուցիչը նրա հարազատը կամ ավելի սրտացավ մարդ լիներ, այդքան սառը, «եթեական» չէր խոսի, կպայքարեր տղայի պատիժը մեղմացնելու համար, «Պեկինյան կանոնները» գոնե կհիշատակեր՝ անչափահասին միայն ծայրահեղ դեպքում հասարակությունից մեկուսացնելու վերաբերյալ՝ ինչպես անում են շատերը, երբ անչափահասի շահեր են պաշտպանում:
Բայց «ՍՕՍ» մանկական գյուղերը Արգիշտիին արդեն իսկ հանել է հաշվառումից: Ներկայացուցիչն ասաց, թե իրենց մանկատունը մեխանիզմներ չունի՝ Արգիշտիի նման բարդ դեռահասների հետ աշխատելու, նրանց վերադաստիարակելու համար…
Մեղադրողը, որ որպես ծնող ինչ-որ տեղ վատ էր զգում տղայի պատիժը մեղմացնելուն դեմ խոսելու համար, ասաց, թե առաջիկա համաներումը կազդի Արգիշտիի վրա, նա ազատություն դուրս կգա…
Միաժամանակ մեղադրողը նշեց, որ հայաստանյան համարյա բոլոր մանկատները հրաժարվել են Արգիշտիից: Տարիներ առաջ երեխայից հրաժարված մայրը չի կարող արդեն բավական բարդ տղային տանել ու հոգ տանել, դաստիարակել: Ո՞ւր պիտի գնա տղան, ասենք՝ պայմանական կիրառեցին: Բայց եթե համաներումով ազատվի, նույն հարցը չի՞ ծագելու: Երկրում չկա՞ մի հաստատություն, ուր մարդկային վերաբերմունքով, բժշկական ու հոգեբանական միջոցներով կարող են մեղմել մանկուց չարացած տղայի ընդվզումը, կարող են կրթել ու աշխատեցնել նրան, հաշտեցնել հասարակության, կյանքի հետ:
Փորձաքննությամբ տղայի մոտ «Վարքի սոցիալականացված խանգարում» է հայտնաբերվել: Դատավճռի մեջ ասված չէ, որ նա պատիժը կրելու ընթացքում լինի նյարդահոգեբույժի հսկողության տակ, գոնե: Տղայի պահվածքում ակնհայտորեն հիվանդագին լարվածություն կար…
Եթե հետագայում բանակ զորակոչվի, ինչպե՞ս կծառայի աշխարհին նեղացած հայացքով նայող, կյանքից ոչ մի լավ բան չսպասող երիտասարդը…
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը:
Գործում առկա բացասական բնութագրի, դատարանում ամբաստանյալի պահվածքի, հանցագործության կատարման եղանակի և այլ հանգամանքների առկայության պայմաններում դատարանը անհնարին համարեց բողոքի բավարարումը:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, մնաց անփոփոխ:
Արգիշտին հենց այդ սպասումով էլ եկել էր դատարան, այսինքն՝ իր օգտին ոչ մի բանի էլ չէր սպասում: Այդ տղայի մենակությունից մարդու սիրտ էր ցավում…









































