ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «մոտ ժամանակներս Վրաստան կայցելի», հաղորդում է TASS-ը: Այս մասին է հայտարարել Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչշվիլին՝ խոսելով ԱՄՆ-ում իր մեկ շաբաթ տևած այցելության արդյունքների մասին:
Նրա խոսքերով՝ «մոտ ժամանակներս Թբիլիսիում կկայանա ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ Խարտիայի իրականացման հարցերով պլենար նստաշրջանը»: Նա չի մասնավորեցրել նստաշրջանի անցկացման ամսաթիվը, սակայն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը Վրաստան կժամանի և կմասնակցի նստաշրջանին:
Խարտիան ստորագրվել է 2009 թ. հունվարին Վաշինգտոնում: Փաստաթուղթը անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, հումանիտար ոլորտներում համագործակցություն է ենթադրում: Ամեն տարի ԱՄՆ-ում և Վրաստանում աշխատանքային խմբերի հանդիպումներ և պլենար նստաշրջաններ են անցկացվում, որոնք նվիրված են այդ փաստաթղթի իրականացմանը:









































