Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի ապօրինի վարչակազմի` բարեփոխումներ անելու, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու, երկրում արդարության և օրինականության մթնոլորտ ձևավորելու սին խոստումներին այլևս չվստահող, ժողովրդի հարստահարմամբ զբաղված այդ ընչաքաղցների` օր առաջ հեռացումը կամեցող և ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի շահերն արտահայտող, ազնիվ, գործունյա իշխանություն ձևավորելուն ձգտող բոլոր մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում իրենց եռանդուն մասնակցությունը բերել Հայ ազգային կոնգրեսի ս.թ. ապրիլի 8-ին հրավիրած հանրահավաքին: Իսկ Հայաստանի ու Արցախի քաղաքների ու գյուղերի այն բնակիչներին, որոնք չեն կարող գալ մայրաքաղաքի հանրահավաքին, կոչ ենք անում նույն օրը և ժամին իրենց բողոքն արտահայտել իրենց բնակավայրերի կենտրոնական հրապարակներում ու հարթակներում: Ջավախքի և Սփյուռքի մեր հարենակիցներին կոչ ենք անում ձևեր գտնել և կիրառել` հանուն մեր Հայրենիքի ու մեր զավակների ազատության մղվող այս համաժողովրդական պայքարին աջակցելու համար:
Շարունակել այսպես ապրել, անհաղորդ դիտել, թե ինչպես է կործանվում հայոց պետականությունը, ինչպես է ամայանում Հայաստանը, ու օրնիբուն ոտնակոխ արվում ազատ հայրենիքում բարեկեցիկ կյանքով ապրելու մեր հույսերը, այլևս անհնար է: Եկել է ժամը, երբ հայ ժողովուրդը իր օրակարգն ու լուծումները պետք է պարտադրի քաղաքական ուժերին` պահանջի ընդդիմադիր դաշտում գործող բոլոր քաղաքական միավորների համակարգված ու համատեղ գործունեության ծավալում հետևյալ օրակարգով`
1. համախմբելով ողջ ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության, իշխանությունների բոյկոտի, ըմբոստության, ապստամբության և խաղաղ պայքարի այլ օրինական և հասու միջոցներով` պարտադրել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ,
2. մինչ այդ հրապարակայնորեն կնքել համաձայնագիր` ՀՀ Սահմանադրությանը համապատասխան անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրությունների օրինականությունը և թեկնածուների հավասարությունը երաշխավորելու մեխանիզմներ համատեղ կիրառելու վերաբերյալ:











































