Երկու մարդ է զոհվել, և 26-ը ստացել են մարմնական վնասվածքներ այն բանից հետո, երբ Քադաֆիին հավատարիմ ուժերը ռմբակոծել են երկրի արևմուտքում գտնվող Միսրատա քաղաքը, որը շարունակում է մնալ ապստամբների ձեռքում: «Ես եղել եմ հիվանդանոցում և տեսել եմ մահացածների ու մի քանի վիրավորների»,- Reuters գործակալությանն ասել է ապստամբների ներկայացուցիչ Նասերը: Այս լուրը գործակալության լրագրողին հաստատել է նաև Միսրատայի հիվանդանոցի բժիշկը:
Լիբիայի ապստամբները հայտարարել են, որ խիստ դժգոհ են Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններից: Նրանք նույնիսկ սպառնացել են, որ կդիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու կբողոքեն իրականացվող գործողությունների անարդյունավետությունից: «ՆԱՏՕ-ի ուժերը գործում են շատ դանդաղ` թույլ տալով, որպեսզի Մուամար Քադաֆիի զորքերը տեղաշարժվեն և ներխուժեն քաղաքներ, որից հետո ինչ-որ բան անելն արդեն անիմաստ է դառնում»,- ասել է Լիբիայի ազգային ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Աբդ Ալ-Ֆաթահ Յունուսը` ելույթ ունենալով Բենղազիում: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Նա հավելել է, որ իրենց սպաները ՆԱՏՕ-ի հրամանատարությանն անմիջապես փոխանցում են հակառակորդի դիրքավորման տվյալները, սակայն անհրաժեշտ գործողությունները ժամանակին չեն իրականացվում: Յունուսը նույնիսկ սպառնացել է, որ Լիբիայի ընդդիմադիր Անցումային ազգային խորհուրդը գործողությունները դադարեցնելու համար կարող է դիմել ՄԱԿ-ին:









































