Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին` ապրիլի 2-ին Բաքվի կենտրոնում ընդդիմության հանրահավաքը խոչընդոտելու և մեծ թվով մարդկանց ձերբակալելու համար.
«Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մենք գտնում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետը: Մենք Ադրբեջանի կառավարությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում հնարավորինս շուտ ազատել ձերբակալվածներին»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմության տվյալներով, ապրիլի 2-ին ձերբակալվել է 200 մարդ: Բաքվի քաղաքային դատախազությունն արդեն քրեական գործեր է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 233-րդ (հասարակական կարգի խախտմանը նպաստող կազմակերպչական գործողություններ կամ այդպիսի գործողություններում ակտիվ ներգրավվածություն) և 315-րդ (իշխանական ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործադրում) հոդվածներով: