Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում հայտնել է Աֆրիկայում ռազմական գործողությանն իր աջակցության մասին: Ինչպես հաղորդում է NEWS.ru-ն, Նեթանյահուն ցավակցել է ֆրանսիացի զինվորների մահվան կապակցությամբ: Մասնավորապես, նա խիզախ քայլ է անվանել այն, որ Ֆրանսիան հակամարտության մեջ է մտել իսլամական ծայրահեղական ահաբեկչության դեմ:
«Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, ես գիտակցել եմ, թե տվյալ երևույթը որքան է սպառնում մայրցամաքի ապագային: Ի տարբերություն այլ երկրների՝ որոնք ահաբեկչությունից գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, մենք Իսրայելում լավ ծանոթ ենք միջազգային ահաբեկչության սպառնալիքին»,- ասել է Նեթանյահուն:
Նշենք, որ Ֆրանսիան հունվարի 11-ին զորք է մտցրել Մալի: Այսպիսով՝ Փարիզն արձագանքել է Մալիի իշխանությունների խնդրանքին, որոնք փորձում են թույլ չտալ, որպեսզի իսլամիստները շարժվեն հարավ:








































