Թուրքիային ձեռնտու է նավթի համաշխարհային գների անկումը: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ նավթի համաշխարհային գնի շարունակվող անկումը Թուրքիային տնտեսության աճի հնարավորություն է տալիս:
Դեկտեմբերի 18-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ նավթի գնի անկման արդյունքում Թուրքիան ամեն տարի 32,6 մլն դոլար է շահում:
Նրա խոսքով՝ եթե նավթի գները մնան ներկայիս մակարդակի վրա, Թուրքիան կկարողանա տարեկան 11,9 մլրդ դոլար շահել:
Նավթի գնի նվազումն արագացել է ընթացիկ տարվա ամռանը: Հինգշաբթի օրը մեր ժամանակով 8.21-ի դրությամբ Brent-ի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 2,04%-ով՝ մինչև 61,26 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 1,07%-ով՝ մինչև 56,54 դոլար 1 բարելի դիմաց:









































