Պետք չէ ակնկալել, որ քաղաքական վերջին ինտրիգներից և խարդավանքներից հիասթափված հայ հասարակությունը ակտիվ մասնակցություն կունենա փետրվարյան նախագահական ընտրություններին: Եվ այդ պատճառով, չնայած ընտրությունների կանխատեսելի ելքին, ՀՀԿ-ում լուրջ «նախապատրաստվում» են ընտրողների մասնակցության հնարավորինս բարձր ցուցանիշ և իրենց թեկնածուին բարձր քվեներ ապահովելու համար: Այդ պարտականություններն են դրված հատկապես մարզպետների վրա: «Հրապարակ»-ը մի քանի հարց տվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:
– Պարոն Գրիգորյան, Դուք ի՞նչ հանձնարարականներ եք ստացել, ի՞նչ պլան են Ձեր վրա դրել, որը պետք է կատարեք:
– Բայց ինչպիսի՞ պլան պիտի դնեն, ի՞նչ պլանի մասին է խոսքը, եթե սովորական, նորմալ ընտրություններ են լինելու, մարզպետներն էլ օրենքով իրենց վերապահված լիազորություններն են կատարելու:
– Այսինքն վստա՞հ եք, որ կարող եք ապահովել ընտրողների բավարար ցուցանիշ, քանի որ հասարակությունը հիասթափված է, ընտրությունների վրա այլևս հույս չի դնում:
– Բայց Դուք ինչի՞ եք համարում, որ մարզպետները պետք է ապահովեն, թեկնածուները շատ են, ընտրությունը՝ մեծ: Հակառակը, ես կարող եմ ասել, որ մեր մարզում ակտիվությունը շատ ավելի մեծ կլինի, որովհետև մարդիկ արդեն վերադարձել են արտագնա աշխատանքից, և ակտիվությունը մեծ կլինի:
– Այսինքն Սևանի քաղաքապետի ընտրությունների օրինակը չի կրկնվի, երբ ՀՀԿ թեկնածուի համար գժանոցից էին մարդկանց բերել ընտրելու:
– Չէ, նման բան չի եղել, բացի դրանից, Սևանի ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերին, ասածս հենց դա է, որ մարդիկ արտագնա աշխատանքից վերադարձել են, և մասնակցությունը մեծ է լինելու:
– Արտագնա աշխատանքի մեկնողները լավ օրից չէ, որ գնում են, կարծում եք նրանք ինքնակամ կգա՞ն ընտրություններին, Դուք ի՞նչ միջոցներով եք պատրաստվում ընտրողներին համոզել, որ…
– Բայց ես կարծում եմ, որ մարդիկ ստիպված չեն գնում, գնում են, որ ապահովեն իրենց ընտանիքին անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
– Տեսեք՝ ինքներդ եք ասում, որ այստեղ անհրաժեշտ միջոցներ ապահովելն էլ է անկարելի:
– Խորհրդային տարիներին էլ միշտ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատողներ եղել են, և այն ժամանակվա ու այսօրվա տարբերությունը շատ քիչ է: Միշտ էլ Գեղարքունիքի մարզն արտագնա աշխատանքի մեջ է եղել:
– Ժողովրդի բնավորությունն է երևի պատճառը:
– Բնավորություն չի, այլ իրավիճակն է ստիպել մարդկանց, տեղում աշխատանք չի եղել, հիմա ձեռնարկությունները միայն Գավառում են, և մնացած տեղերից են գնում արտագնա աշխատանքի:
– Ձեր հաշվարկներով մարզում ՀՀԿ թեկնածուի համար ի՞նչ ցուցանիշ կապահովեք:
– Բացարձակ բարձր թվեր, մասնակիցների 60 տոկոս և ավելին:
– Ժողովրդավարական երկրներում իշխանության թեկնածուն այդքան բարձր ցուցանիշ չի կարող հավաքել, կնշանակի՝ ընդդիմություն չկա, իսկ ցանկացած իշխանություն արժանի է իր ընդդիմությանը:
– Ընդդիմությունը շատ լավ էլ կա, օրինակ 7 հոգի առաջադրվել են:
– Նրանցից ո՞ւմ եք համարում Սերժ Սարգսյանի մրցակից:
– Երկրորդ տեղի համար պայքարողներից, կարծում եմ, առավելություն ունեն մարդիկ, ովքեր նախկինում… օրինակ, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան:









































