ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է հոլիվուդյան ռեժիսոր Ջոն Մաքթիրնանի բողոքարկումը, որին 2010 թ. դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման՝ ՀԴԲ-ին սուտ վկայություն տալու համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը:
«Ամուր ընկույզ»-ի առաջին և երրորդ մասերը, «Գիշատիչը» և «Վերջին կինոհերոսը» ֆիլմերը նկարահանած Մաքթիրնանն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2006-ին՝ հոլիվուդյան կինոաստղերի խոսակցությունների ապօրինի գաղտնալսումների գործով հետաքննության ընթացքում:
Ռեժիսորը ՀԴԲ-ի գործակալներին հայտնել է, որ ոչինչ չգիտի գաղտնալսումների մասին և այն մասին, որ մասնավոր գործակալ Էնթոնի Պելլիկանոն ձայնագրել է պրոդյուսեր Չարլզ Ռովենի հեռախոսային խոսակցությունները: Մաքթիրնանն ու Ռովենը միասին աշխատել են «Ռոլլերբոլ» ֆիլմի վրա:
Հետաքննության տվյալներով՝ հենց Մաքթիրնանն է մասնավոր խուզարկու վարձել խոսակցությունները լսելու համար: Ավելի ուշ ռեժիսորը խոստովանել է, որ սուտ վկայություն է տվել։







































