Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ քննադատել է երկրի կախվածությունը «նավթային փողերից»: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ կառավարությունը ստեղծել է Զարգացման ազգային հիմնադրամ, որը օգնում է լուծել այդ հարցը՝ նավթային եկամուտների ծավալի մի մասը վերաուղղորդելով հետագա ներդրումների համար:
Ահմադինեժադը նշել է, որ նավթային եկամուտներից կախվածությունը Իրանում սղաճի պատճառներից մեկն է: Ահմադինեժադը նշել է տնտեսական նման իրադրությունից դուրս գալու մի քանի ուղի:
«Մենք պետք է փոխենք եկամուտների հոսքն ու համոզված լինենք, որ գումարները ներդրվում են ոչ թե Իրանի մեկ քաղաքում, այլև ողջ երկրում՝ ապահովելու համար հավասար հնարավորություններ»,- ասել է Ահմադինեժադը:
Նա նաև նշել է, որ երկրում կայուն տնտեսական գործունեության զարգացման համար իրանցիները պետք է քիչ ոսկի և արտարժույթ ձեռք բերեն:
«Մենք պետք է ծրագիր մշակենք, որպեսզի երկրում բոլոր մարդիկ ունենան աշխատանք գտնելու հնարավորություն»,- ասել է Իրանի նախագահը:











































