Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենան բարձր մակարդակի սիրիա-իրանական բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն «ահաբեկչական ագրեսիային դիմադրող Դամասկոսին հատկացվող իրանական օգնության ծավալները»: Սիրիայի կառավարական պատվիրակությունը ղեկավարելու է վարչապետ Վաիլ Ալ-Հալքին:
Ինչպես հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով Սիրիայի նախարարների խորհրդի համակարգի գլխավոր քարտուղար Թայսիր Ալ-Զուաբիին, բանակցություններում քննարկվելու են հարցեր՝ կապված առողջապահության, էներգամատակարարման և վառելիքի մատակարարման ոլորտներում Սիրիային տրամադրվող օգնության հետ:
Նրա խոսքերով՝ վերացվելու են երկու երկրների առևտրա-տնտեսական զարգացման և ֆինանսական համագործակցության ուղիների խոչընդոտները, ինչը կհանգեցնի երկկողմանի կապերի ամրապնդմանը:
Ալ-Զուաբին նշել է, որ Իրանի աջակցությունը շատ կարևոր է Սիրիայի համար և նպաստում է, որպեսզի սիրիացի ժողովուրդը դիմակայի իր դեմ սկսված աննախադեպ պատերազմին, որի հետևում կանգնած են ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային խամաճիկները:










































