Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի համար և բացատրել հրաժարվելու պատճառները: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Սաակաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում պաշտոն զբաղեցնելու համար, Սահմանադրության համաձայն, անհրաժեշտ է այդ երկրի քաղաքացիություն ընդունել, ինչը մեխանիկորեն նշանակում է Վրաստանի քաղաքացիության կորուստ:
«Ես շնորհակալ եմ առաջարկի համար, բայց գոյություն ունի կոնկրետ իրողություն. կյանքում բոլորն իրենց առաքելությունն ունեն: Վրաստանում մենք դեռ չենք ավարտել զարգացման, ստեղծագործական փուլը, շատ ավելին է պետք անել»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է զբաղեցնել այդ երկրի փոխվարչապետի պաշտոնը: «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել առաջարկը «միայն հանուն Վրաստանի»: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ չէ բաժանվել Վրաստանի քաղաքացիությունից՝ հանուն պաշտոնի:









































