Կահիրեում «Ալ-Իտիհադիա» նախագահական պալատի մոտ բռնկված բախումներում 27 մարդ է տուժել: Ինչպես հայտնում են ՆԳՆ աշխատակիցները, տուժածներից 7-ը ոստիկան են, որոնցից մեկը՝ սպա, որը դեմքի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Շաբաթ երեկոյան անծանոթների խումբը հարձակվել է ընդդիմության կողմնակիցների վրանային ավանի վրա: Նրանք արդեն մի քանի շաբաթ է՝ հանդես են գալիս նախագահ Մուհամմադ Մուրսիի վարած քաղաքականության և վերջերս ընդունված նոր սահմանադրության դեմ:
Հարձակվողները որսորդական հրացաններից կրակ են բացել և վրանների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» նետել, ինչի հետևանքով 10 վրան է այրվել:
Իրավապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Այժմ իրավիճակը հանգիստ է, սակայն այնտեղ են շարժվում ներկայիս իշխանությունների տասնյակ հակառակորդներ, որոնք նախագահի և «Մուսուլման եղբայրների» դեմ կարգախոսներ են վանկարկում:
Տաք հետքերով երկու կասկածյալ է ձերբակալվել: Նրանց հարցաքննում են, ինչպես նաև անցկացնում մյուս հարձակվողների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ:
Հատկանշական է, որ շաբաթ ցերեկը ուժայինները սկսել են բանակցել ցուցարարների հետ՝ փորձելով համոզել նրանց՝ դադարեցնել ցույցն ու ազատել զբաղեցրած փողոցները: Բողոքի մասնակիցների խոսքով՝ հարձակումից կես ժամ առաջ հայտնի է դարձել, որ ոստիկանության հետ երկխոսությունը ձախողվել է, ճամբարի վրա հարձակում է իրականացվել:







































