Ինչպես գրում է բրիտանական The Guardian օրաթերթը, լիբիական իշխանությունների ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարում բրիտանացիների հետ: Այդ նպատակով Մեծ Բրիտանիա է ուղարկվել Մուամար Քադաֆիի որդի Սայֆ Ալ-Իսլամի օգնականներից մեկը` Մուհամադ Իսմայիլը:
Թերթը գրում է, որ այս լուրը հաստատել են նաև բրիտանական կառավարությունում: Հավանաբար, այս քայլով Լիբիայի իշխանությունները ձգտում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Այս բանակցություններում կարևոր դեր են խաղում Քադաֆիի որդիները, որոնք նաև դիտարկում են Մուամար Քադաֆիին իշխանությունից հեռացնելու հարցը, որպեսզի խուսափեն Լիբիայում կտրուկ իշխանափոխությունից:
Մինչդեռ մամուլում քննարկվում է նաև Քադաֆիին թիմն ամեն օր լքող քաղաքական գործիչների և պաշտոնայների հարցը: Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Քադաֆիի կողքին չեն այլևս Լիբիայի արտաքին գործերի նախարար Մուսա Քուսան, որը որդու հետ տեղափոխվել էր Լոնդոն, և հետախուզության ղեկավար Խուիլդի Ալ-Համիդին: The Guardian-ը գրել էր նաև, որ երկիրը լքել է նավթային արդյունաբերության նախարար Շուքրի Գանեմը, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը հերքվել է: Գանեմն ասել է, որ ինքը շարունակում կատարել իր պարտավորությունները, և որ առաջիկա օրերին պատրաստվում է ելույթ ունենալ հեռուստատեսությամբ:







































