ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Սաեդ Ալ Նահայանը հայտարարել է, որ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման ոչնչացման համար անհրաժեշտ է լուծել սիրիական խնդիրը: Այս մասին նախարարը հայտարարել է ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում:
ԱՄԷ-ն ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիայի անդամ է, որը Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերին: Արաբական պետություններից կոալիցիայում ներայացված են նաև Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Բահրենը:
«Մենք չենք կարող ազատվել ԴԱԻՇ-ից, եթե ճիշտ չմոտենանք սիրիական հարցին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սիրիական հակամարտության հետևանքով արդեն 200 հազար սիրիացի է զոհվել, 10 միլիոնը փախստական է դարձել:
Պարսից ծոցի արաբական պետությունները մեծ մասամբ աջակցում են սիրիական ընդդիմությանը, որը 2011թ. սկսած զինված պայքար է մղում Բաշար Ասադի կառավարության դեմ:
Միևնույն ժամանակ ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնն ու Փարիզը կարծում են, թե տարածաշրջանն ավելի լավ են ճանաչում, քան դրա բնակիչները», և որ այդ պատկերացման հաղթահարումը ամենամեծ մարտահրավերն է: «Նրանք կարծես «ապակե սենյակում» լինեն, որտեղից նրանց թվում է, թե տարածաշրջանի վերաբերյալ իրենց պատկերացումները միակ ճշմարտացին են»,- ընդգծել է նա:









































