ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել կոշտ կերպով հակազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական կայսրությունը վերականգնելու «վայրի հավակնություններին» և Ուկրաինային արդյունավետ օգնություն ցուցաբերել: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ նա այսպիսի հայտարարություն է արել քննարկումների ժամանակ՝ նվիրված Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության 25-ամյակին:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական երկիրը մասերի բաժանում: Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների պատասխանը: Երբ ես Արիզոնայում իմ ընտրողներին ասում եմ, որ մենք նույնիսկ զենք կամ հետախուզական տվյալներ չենք փոխանցում Ուկրաինայի կառավարությանը, նրանք պարզապես ցնցվում են: Իսկ այսօր, երբ պրոպագանդայի հսկա հեղեղը Ռուսաստանից գնում է բոլոր հարևան երկրներ՝ Բալթյան և այլն, պրոպագանդայի, որն ուղղված է այդ երկրների ռուսալեզու բնակչությանը, մենք, անկեղծ ասած, ոչինչ չունենք պատասխանելու»,- հայտարարել է Մաքքեյնը:
Միաժամանակ սենատորը նշել է. «Եվ ի՞նչ գին է վճարում Վլադիմիր Պուտինն իր արարքների համար: Պատժամիջոցնե՞ր: Իմիջիայլոց, նա իմ նկատմամբ նույնպես պատժամիջոցներ է սահմանել: Ես դրանք դիտարկում եմ որպես պատվավոր շքանշան: Արիզոնայում ինձ նրա պատժամիջոցները չեն վնասում: Ուստի եթե դիտարկենք այն գինը, որը վճարում է Պուտինը, դա նյարդային արձագանք է առաջացնում Ռուսաստանի բոլոր հարևանների շրջանում: Նրանք հարցնում են՝ իսկ որտե՞ղ կանգ կառնի Պուտինը: Անկեղծ ասած՝ առայժմ մեր եվրոպացի գործընկերները կախված են ռուսական գազից, նրանք ոչինչ չեն անի: Եվ Վլադիմիր Պուտինը դա գիտի»:
«Ուստի մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չպետք է երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվենք: Մենք նույնիսկ «սառը պատերազմ» չպետք է սկսենք: Մենք պետք է աջակցենք ՆԱՏՕ-ի սկզբունքներին և հնարավոր ամեն ինչ անենք՝ ուկրաինացիներին օգնելու համար, որոնք չեն ուզում մնալ Մոսկվայի ուղեծրում, այլ ուզում են Եվրոպայի մաս կազմել: Մենք պետք է նրանց օգնենք: Եվ ոչ միայն զենքով: Մենք պետք է խոսենք Ուկրաինայի անունից, ինչպես մի ժամանակ, երբ նախագահ Ռեյգանը պաշտպանեց Չեխիայի ժողովրդին և խոսեց Վացլավ Հավելի անունից»,- ասել է Մաքքեյնը:










































