Ֆրանսիայի Նիցցա քաղաքի նախկին հոգևոր հովիվ, այժմ Ստրասբուրգի սպասավոր Տեր Վաչե քահանայի գործով նոր քննություն է սպասվում. Ֆրանսիայի դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ:
Նշենք, որ Ֆրանսիայի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր հայ հոգևոր սպասավորին, ով մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, փողերի լվացմամբ, կավատությամբ զբաղվող մաֆիային հանցակցության մեջ: Նիցցա քաղաքում հետաքննություն էր սկսվել 20 հայերի դեմ: Դատաքննության արդյունքում նրանցից ոմանք տարբեր չափի պատիժներ են ստացել, իսկ ոմանք արդարացվել են:
Երեկ մեզ հետ զրույցում Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչեն պնդեց, որ այժմ իր դեմ որևէ հետաքննություն չկա: «Ես վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանում էլ նույն արդյունքն է լինելու, ինչ որ առաջին ատյանի դատարանում, որովհետև առաջին ատյանի դատավորը շատ հայտնի է, շատ խիստ դատավոր է և շատ լավ դատ վարեց, ու արդարացման օրինական դատավճիռը ես ստացել եմ: Որոշումը պետք է քննվի վերաքննիչ դատարանում: Ես համոզված եմ, որ ամեն ինչ վերջանալու է լավ և այն արդյունքում, ինչ որ առաջին ատյանի դատարանում»,- ասաց Տեր Վաչեն: Այլ հարց է, որ ֆրանսիացի դատախազը, թերևս, այդպես չի կարծում և վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Տեր Վաչեի հավաստմամբ, բողոքարկման պատճառներից մեկն էլ այն է, որ կա նաև անձնական բողոք: «Ինչ-որ ազգությամբ արաբի հետ կապված, որին իբր ես ծեծել եմ, ինչը չհաստատվեց առաջին ատյանի դատարանում: Ինքն էլ է բողոքել նրա համար, որ եթե ինքը չբողոքեր, ես հակադարձ բողոք պիտի անեի արաբին՝ որպես շանտաժի, որ ինքն իմ անունը աղտոտեց»:
Ֆրանսիայի Վերաքննիչ ատյանում բողոքարկվելու են նաև մյուսների նկատմամբ դատավճիռները: «20 հոգանոց խումբ էր, որը համարում էին հանցախումբ, փչել էին, դարձրել էին մաֆիա, բայց 99 տոկոս մարդիկ իրար չէին ճանաչում: Դատարանում պարզվեց, որ չկա իրականում այդ կապը»,- պնդեց Տեր Վաչեն:
Նշենք, որ Մայր Աթոռը ոչ առաքելական հայտարարեց և հրաժարվեց Նիցցայի սուրբ Աստվածածին եկեղեցուց, երբ տեղի սփյուռքահայերից բաղկացած հոգևոր խորհուրդը հրաժարվեց ընդունել Էջմիածնի նոր կանոնադրությունը: Հայ առաքելական եկեղեցին դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցին հիմնած ֆրանսահայերից կազմված խորհրդի: Դատարան էր դիմել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանը, ով սակայն ավելի ուշ հետ վերցրեց դիմումը: Այժմ եկեղեցու խորհրդի անդամ սփյուռքահայերն են դատական հայց ներկայացրել թեմի դեմ: Եկեղեցին դատի էր տվել Նիցցայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին` փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների տիրապետության տակ, այդ թվում՝ նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները: Ավելի ուշ, տեսնելով, որ ֆրանսիական դատարանով հարցը հնարավոր չէ լուծել, Մայր Աթոռը հրաժարվեց Նիցցայի առաքելական եկեղեցուց: Այսպիսով, Նիցցայի սուրբ Աստվածամայր եկեղեցին շարունակելու է գործել նախկին կանոնադրությամբ:
Այսօր Մայր Աթոռի և առաքելական եկեղեցու խորհրդի սփյուռքահայ ներկայացուցիչների կոնֆլիկտի պատճառով Նիցցայի հայ համայնքում պառակտում է մտել, և մեծ մասը գերադասում է չգնալ եկեղեցի: Համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ մի փոքր հատված գնում է Սուրբ Աստվածածին եկեղեցի, մյուս հատվածն էլ կաթոլիկ եկեղեցի, ուր այժմ պատարագ է մատուցում Առաքելական եկեղեցին:
Էջմիածինն այսօր ուզում է նոր կանոնադրությունն ընդունել տալ սփյուռքի տարբեր եկեղեցիներում, և եթե այլ եկեղեցիներ ևս հետևեն Նիցցայի օրինակին, ապա Էջմիածինը հաստատ խնդիրներ կունենա սփյուռքում և արդեն եվրոպական օրենքներով ստիպված կլինի հաշվի նստել սփյուռքի ներկայացուցիչների կարծիքի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրներ են հասունանում նաև Լոնդոնի ու Մոնրեալի առաքելական եկեղեցիներում:









































