Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բանավան թաղամաս 630 մետր հեռավորության վրա գտնվող երկաթի հանքը, որը պատկանում է հայաստանյան «Նագին» ընկերությանը, վաճառվել է չինական «Ֆուրչեն Օյո» կազմակերպությանը, որն էլ պատրաստվում է շահագործել այն և արդեն սկսել է։
Ներկա պահին Հրազդանի Սահմանադրության հրապարակում բնակիչները, հասարակական և էկոլոգիական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել՝ արտահայտելու հանքի շահագործման հետ կապված իրենց դժգոհությունը: Բնակիչները մտահոգված են, որ հանքի շահագործումը բազմաթիվ հիվանդությունների աղբյուր կարող է դառնալ, բացի Հրազդան քաղաքի օդից, կաղտոտվեն նաև ստորգետնյա ջրերը, որոնք գտնվում են հենց այն սարի տակ, որտեղ երկաթի հանքն է:
«Երեխաների աջակցության հիմնադրամ» կազմակերպության գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ այդ բողոքի ակցիայից հետո պատրաստվում են դիմում-բողոք ներկայացնել նախագահին և բնապահպանության նախարարությանը:









































