ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակված է ֆինանսների նախարարի պաշտոնը վստահել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեյքոբ Լյուին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմին մոտ գտնվող աղբյուրներին:
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթ:
Լյուն իր մրցակիցներին զիջում է ժողովրդականությամբ և բիզնեսի ղեկավարման փորձով: Նրա առավել մեծ նվաճումը Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ Citigroup-ի այլընտրանքային ներդրումների բաժնում գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնն էր: Սակայն նրա մասնագիտական որակը բարձր է գնահատվում նախագահի կողմից: Նա վայելում է Օբամայի վստահությունը:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ հունվարի 20-ի սահմաններում:









































