Կողոպուտ Կոմիտասի պողոտայում
Մարտի 30-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Աշոտ Պ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 49-ամյա Գայանե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Ապամոնտաժել և գողացել էր դարպասը
Մարտի 30-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մի ավտոտնակից բերման են ենթարկել 33-ամյա Նշան Կ.-ին:
Պարզվել է, որ նա 2009 թվականին Արզնի գյուղի այգեգործական թաղամասում գտնվող մի ամառանոցից ապամոնտաժել և գողացել է երկաթյա դարպասը:
Կատարվում է նախաքննություն:
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին
Մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում «ՎԱԶ- 2106՚ մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ-X 5՚ մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106՚-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գողությունը բացահայտվել է
Մարտի 30-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտից բերման են ենթարկել 54-ամյա Գառնիկ Ա.-ին և նախկինում 9 անգամ դատապարտված, 51-ամյա Գուրգեն Ա.-ին: Նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սղոց, 95 մետր պղնձե, 35 մետր ալյումինե հաղորդալար և լինգ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գուրգեն Ա.-ն լինգով բացելով վագոն-տնակներից մեկի դուռը՝ գողացել է նշված ապրանքները:
Կատարվում է հետաքննություն:
Մեքենաները բախվել են
Մարտի 30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «ՎԱԶ-2101՚ մակնիշի երկու ավտոմեքենաներ Բերդավան գյուղում բախվել են իրար, ինչի հետևանքով վարորդներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խոստովանել է
Մարտի 30-ին, ժամը 17.30-ին, 33-ամյա մի քաղաքացուհի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 28-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից ոսկյա մատանի են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ի երեկոյան, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ռոզա Օ.-ն:
Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով նշված բնակարանում և օգտվելով տանտիրուհու անուշադրությունից՝ հյուրասենյակի պահարանի բաց դարակի վրայից գողացել է ոսկյա մատանին:
Կատարվում է նախաքննություն:
Խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և մարդուն առևանգելու մեղադրանքներով
Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 42-ամյա Գենյա Գ.-ին, որը ս/թ մարտի 28-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Մարտի 30-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Այվազովսկու փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Վահան Մ.-ին, որը ս/թ մարտի 28-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Մարտի 30-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքից բերման են ենթարկել 24-ամյա Վահան Ա.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Միջազգային հետախուզման մեջ
Մարտի 30-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցի մի շենքից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ավազակային հարձակման և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Գևորգ Օ.-ին:
Գևորգ Օ.-ն կալանավորված է:
ՀՀ Ոստիկանություն








































