Նախօրեին Պակիստանում գազանաբար սպանվել են երկու երիտասարդ քրիստոնյաներ, որոնք մեղադրվել են աստվածանարգության մեջ: Ամուսնուն ու կնոջը ողջ-ողջ այրել են:
Հաշվեհարդարը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Լախոր գյուղի մերձակայքում: Շահզադային ու Շամին մեղադրել են այն բանում, որ իբր վերջիններս այրել են Ղուրանի մի քանի էջ:
Նոյեմբերի 2-ին աղյուսի գործարանում աշխատող ամուսիններին բռնել էին ու 2 օր պահել գործարանում, իսկ ամսի 4-ին նրանց ենթարկել էին Լինչի դատաստանի՝ նետել էին գործարանի վառարանը: Այս մասին հայտնում է Fides գործակալությունը:
Տեղի քրիստոնյաները դիմել էին ոստիկանություն, սակայն մինչ նրանք կարձագանքեին, քրիստոնյաներն արդեն սպանվել էին:
Հաշվեհարդարի գործով ձերբակալվել է 35 մարդ:








































