2007-ին ձևավորված «ԽՍՀՄ-ին և կողմ, և դեմ կոմիտեն» այսօր չի գործում: Այդ կոմիտեն և կոմիտեի անվանման հապավումը ժամանակին ծառայեցին իրենց նպատակին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով իր ու ևս երկու գործիչների նախաձեռնությամբ ստեղծված «ԽՍՀՄ-ին և կողմ, և դեմ կոմիտեի» նպատակներին և կիատարած աշխատանքներին:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «ԽՍՀՄ-ին և կողմ, և դեմ կոմիտեի» նպատակն էր նախկին Խորհրդային Միության տարածքում բնակվող այն ժողովուրդների և քաղաքացիների շահերի իրավական պաշտպանությունը, որոնց քաղաքական իրավունքները ոտնահարվել էին «ԽՍՀՄ փլուզման» հետևանքով։ Ուստի այդ նպատակի իրականացման համար, ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, կոմիտեն 2010թ․ ապրիլին հանդես է եկել «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին այլընտրանքային ծրագրի առաջադրման մասին» հռչակագրով, որը նպաստել է, որպեսզի նույն տարվա նոյեմբերին ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհուրդը հանդես գա «ԼՂՀ ժողովրդի խաղաղ և ազատ զարգացման իրավունքի մասին» հռչակագրով։
«Այսինքն՝ կոմիտեին հաջողվեց Հայաստանում և ԼՂՀ-ում քաղաքացիական հանրության ուշադրությունը սևեռել «ԽՍՀՄ փլուզման» ժամանակ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ոտնահարված իրավունքներին»,- նկատեց Անդրիաս Ղուկասյանը՝ շարունակելով, որ այն, ինչ հնարավոր էր կատարել հասարակական կազմակերպության կարողությունների շրջանակում, ըստ էության, արված է: Նա հստակեցրեց, որ այս կոմիտեն և նրա անվանման հապավումը այն ժամանակ ծառայեցին իրենց նպատակին, սակայն այսօր այդ հապավումը որեևէ քաղաքական բովանդակություն չի պարունակում։
Այսօր Անդրիաս Ղուկասյանի քաղաքական գործունեությունը քաղաքացիական գործունեության տրամաբանական շարունակությունն է. դա է փաստում այն, որ իր նախընտրական ծրագրում, որպես հանգուցային հարց, ներկայացրել է իր դիրքորոշումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված իրավունքների վերաբերյալ։
«Գտնում եմ, որ Հանրապետության նախագահը պարտավոր է ձևավորել ԵԱՀԿ մասնակից-պետությունների շրջանում հստակ պատկերացում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագրերը չեն կարող ձեռք բերվել այնպիսի փոխզիջման ճանապարհով, որը հիմնված է Հայաստանի կողմից այդ պետությունների անօրինական գործողությունների ճանաչման վրա։ Մասնավորապես՝ Ադրբեջանն իրավասու չէր անվավեր ճանաչել Խորհրդային Միության կողմից պահպանված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը, իսկ Թուրքիան
չի կարող համարել, որ այսօր գոյություն ունեցող միջպետական սահմանը հաստատվել է օրինական ճանապարհով»,- իր ծրագրային դրույթից մի հատված ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն առաջադրվել է գալիք նախագահական ընտրություններում: Նա առաջարկում է քննարկման դնել Հայաստանում պետականության ճգնաժամի հաղթահարման համար հանրապետության նախագահի գործողությունների ծրագրի իր նախագիծը, որում ներկայացրել է, թե ստեղծված իրավիճակում ինչ է պարտավոր անել ՀՀ նախագահը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանում պետականության ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն քաղաքացիական հասարակության և այն քաղաքական ուժերի համատեղ ջանքերով, որոնք իրականում ընդդիմադիր են իշխող կուսակցությանն ու նրա արբանյակներին:








































