Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ ոչ մի ֆուտբոլիստ չի լքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մասնագետը հերթական անգամ հերքել է Դիդիե Դրոգբայի` Իտալիայի գործող չեմպիոնի կազմ տեղափոխվելու հնարավորությունը:
«Եթե տրանսֆերային լավ տարբերակներ լինեն, ապա վստահ եմ, որ մենք ճիշտ քայլեր կձեռնարկենք: Պետք է հաշվի առնել տնտեսագիտական կողմերը: Տրանսֆերային գործարքները պետք է խելացի կատարվեն` խելամիտ գումարների դիմաց: Ես իսկապես վստահում եմ բոլոր սաներիս և կարող եմ ասել, որ նրանցից որևէ մեկը չի լքի «Յուվենթուս»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- նշել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ օրերս թուրինյան ակումբի շարքերը համալրել է «Ատալանտա»-ի 28-ամյա պաշտպան Ֆեդերիկո Պելուզոն, ով վարձավճարով հանդես կգա «Յուվենթուս»-ում:
.






































