2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել 2 հիմնական հարկային փոփոխություններ, որոնք կապված են հարկային և կենսաթոշակային բարեփոխումների հետ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը, դրանցից առաջնայինը շրջանառության հարկի մուտքն է, մյուսը` եկամտահարկի գանձման մեխանիզմի փոփոխությունը, որի համատեքստում սկսվել է էլեկտրոնային ստորագրությունների գրանցման շրջան, քանի որ հունվարի 1-ից եկամտահարկի հաշվետվությունները ՊԵԿ են ներկայացվելու միայն էլեկտրոնային տարբերակով: Դա բավականին մասշտաբային գործընթաց է:
«Եթե ՊԵԿ ՏՏ բաժինը նորմալ աշխատի, տնտեսվարողների գործերը կհեշտանան: Բայց նախորդ տարիների փորձից գիտենք, որ էլեկտրոնային համակարգերի ներդրումը խնդիրներ է հարուցում, սերվերի խնդիր կար և այլն: Այսինքն` զուտ տեխնիկական հարց է: Իսկ այս պահին մի քիչ վաղ է հնչեցնել շրջանառության հարկի արդյունավետության գնահատական, որովհետև այն կոնցեպտուալ նոր հարկատեսակ է, որը, կարելի է ասել, մեզ վերադարձնում է նախկին խորհրդային կարգերի հարկադրման համակարգեր, որից մենք հրաժարվեցինք 90-ականների սկզբներին: Հիմա մենք նորից ետ ենք գնում դեպի խորհրդային փորձված, բայց քացախի հոտ ունեցող համակարգեր: Այս պահին դժվար է միանշանակ գնահատել` այն դրակա՞ն է, թե՞ բացասական: Պարզության տեսակետից գուցե դրական է, բայց արդյունավետության տեսակետից որոշ ժամանակ է պետք»,- ասաց Ս. Ավագյանը:









































