Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկելու է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Բորիս Գելֆանդն է:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 եվրո: Առաջին տեղը գրաված գրոսմայստերը կստանա 25.000, երկրորդ տեղը՝ 20.000 և երրորդ տեղը՝ 15.000: Արոնյանը պատասխանել է РИА Новости-ի հարցերին:
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է մասնակցել Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարին: Կխաղամ առավելագույն կենտրոնացվածությամբ և խաղալ ավելի լավ, քան կարողանում եմ: Հոգեբանորեն չի ճնշում հանգամանքը, որ ինձնից միայն հաղթանակներ են ակնկալում: Դա տեղի է ունենում բոլոր մրցաշարերում:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է ինքնատիպ խաղաոճ, որը կրկնել հնարավոր չէ: Մրցաշարին բազմաթիվ արժանի խաղացողներ են մասնակցում, բայց չի կարելի չառանձնացնել Վլադիմիր Կրամնիկին:
Հաղթել կարող է յուրաքանչյուրը, բայց երբ խաղում է աշխարհի նախկին չեմպիոնը, նրա հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Արոնյանը:




































