Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի հանդիսացող կինը, ով ձերբակալվել էր հունիսին Թեհրանում Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների միջև վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու փորձի համար, հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի դատարանի որոշման դեմ, որով նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով նրա եղբորը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25-ամյա Ղոնչե Ղավամին ձերբակալվել էր հունիսի 20-ին՝ Ազադի մարզադաշտի մոտ:
Ինչպես հայտարարել են Իրանի պաշտոնական ներկայացուցիչները, Ղավամին ձերբակալվել է անվտանգության նկատառումներով, որոնք կապ չունեն խաղի հետ, սակայն նրա դեմ պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել: Հոկտեմբերին Ղավամին դատարանի առջև է կանգնել:
Ինչպես հայտնել է բրիտանուհու փաստաբանը՝ դատարանը նրան 1 տարվա ազատազրկման է դատապարտել՝ չհստակեցնելով, թե որ մեղադրանքով է կայացվել վճիռը:









































