«Խնդիրը իմպերատիվ ուժի մեջ չէ, այլ այն է, թե ինչքանով ենք մենք լուրջ վերաբերվում միջազգային գնահատականներին, որովհետև մի հարցի շուրջ էլ կայացավ միջազգային գնահատական: Այդ գնահատականն արդեն կա, հնարավոր է տարիներ շարունակ ոչ ոք դրան չանդրադառնա, չօգտագործի, բայց երբ ինչ-որ մի պահ գա, բնական է, որ որպես հիմք հստակ կընդունվի այդ զեկույցում արտացոլված իրավիճակը:
Այդ առումով, իհարկե, չի կարելի ասել, որ հերթական զեկույց է, այլ պետք է մտածել, թե ինչ կարելի է անել, որ ուրիշ արդյունքներ ունենանք, և ընդհանրապես այլ կերպ զարգանար այս ամենը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության զեկույցին և հայկական կողմի այն դիրքորոշմանը, թե վերջինս իմպերատիվ ուժ չունի:
Սարգսյանի խոսքերով, սա հստակ, մոնիտար և քաղաքական նշանակություն ունեցող զեկույց է: Սակայն, ըստ փորձագետի, ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են այս ամենին վերաբերվում Հայաստանի և ԼՂ-ի իշխանությունները. «Հայաստանի արտգործնախարարությունը, փաստորեն, ակնարկեց, որ պետք է դիտարկվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքներում և ուրիշ ոչ մի բան: Մենք որևէ հստակ գնահատական չտեսանք, իսկ ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե այս գնահատականները համաձայնեցված են Հայաստանի հետ, ապա Հայաստանն առնվազն պետք է ասի, թե ինչն էր այդտեղ համաձայնեցված: Բայց նման տեսակետ չկա»:
Սարգսյանի գնահատմամբ, Ադրբեջանն ավելի կոնկրետ է վերաբերվում այս զեկույցին, և պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, թե զեկույցում նշված այն 14 հազար բնակչությունը, որն ապրում է յոթ շրջաններից երկուսում, իրավունք չունեն այնտեղ ապրելու:








































