Աշխարհում ամենատարեց գործող նախագահի՝ Իսրայելի առաջնորդ Շիմոն Պերեսի ծննդյան 90-ամյակի առիթով անցկացվելիք միջոցառման գլխավոր աստղը կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ամենատարեց նախագահին կայցելի աշխարհի ամենաուժեղ նախագահը. այսպիսի շեշտադրում են անում իսրայելական ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Պերեսի ծնունդը կնշվի 2 ամիս շուտ: Նա ծնվել է օգոստոսի 18-ին, սակայն միջոցառումը տեղի կունենա հունիսի 16-ին, Իսրայելում ավանդական նախագահական կոնֆերանսի շրջանակում:
Կոնֆերանսի կազմակերպչական կոմիտեն գլխավորում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը՝ Մերձավոր Արևելքի հարցերով «քառյակի» հատուկ ներկայացուցիչը:
Միջոցառմանն իր մասնակցությունը հաստատել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի նաև Միխայիլ Գորբաչովը:
Բոլորը, սակայն, սպասում են գլխավոր հերոսին՝ ԱՄՆ նախագահին: Նախընտրական արշավի ժամանակ նրա մրցակից Միթ Ռոմնին ակտիվորեն շահարկել է այն հանգամանքը, որ Օբաման պաշտոնավարման առաջին ժամկետում ոչ մի անգամ Իսրայել չի այցելել: Իսրայելը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը:
Պերեսի ծնունդը հարմար առիթ կդառնա Օբամայի համար՝ մի զարկով երկու նապաստակ խփելու համար:
Օբաման արդեն անձնական հրավեր է ստացել հոբելյարից: Դա տեղի է ունեցել ամռանը, երբ Շիմոն Պերեսին Ազատության մեդալ շնորհվեց: Իսրայելում ենթադրում են, որ շուտով պաշտոնական հրավեր կուղարկվի օվալաձև կաբինետի ղեկավարին:









































