Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 54-ամյա Կարապետ Կամիկյանը վարելով «Ford transit» մակնիշի 2571 Լ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը:
shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը Երևան վերադառնալիս է եղել Բագրատաշենից: Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել վրաերթի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ոստիկանությանը հայտնել են, որ մահացածը Լոռու մարզի Արջահովիտ գյուղի 30-35 տարեկան բնակչուհի է, անունն է՝ Սուսաննա, սակայն Ոստիկանությունն ու գյուղապետարանը պարզում են մահացածի բոլոր տվյալները:
shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա Լոռու մարզի Արջահովիտ գյուղի բնակչուհի 32-ամյա Սուսաննա Աղասարյանն էր:









































